Ղարաբաղ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ. Արարատ Միրզոյանը Մոսկվայում կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով օգոստոսի 31-ին կմեկնի Մոսկվա, որտեղ նախատեսված է հանդիպում Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը, սա Արարատ Միրզոյանի առաջին արտերկրյա այցն է պաշտոնում նշանակվելուց հետո:
Նշվում է, որ ԱԳ նախարարները կքննարկեն մի շարք հարցեր, որոնք առնչվում են տարբեր ոլորտներում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացմանն ուղղված հետագա քայլերի ձեռնարկմանը, ընդհանուր ինտեգրացիոն միություններում՝ ԱՊՀ-ում, ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև ՄԱԿ-ում, ՀԱՊԿ-ում և մյուս միջազգային կազմակերպություններում դիրքորոշումների կոորդինացմանը:
Կքննարկվի նաև ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ին կնքված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, այդ թվում և հումանիտար հարցերն ու Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակումը:
"Ակնկալում ենք, որ Մոսկվայում կայանալիք բանակցությունները կնպաստեն Երևանի հետ դաշնակցային փոխգործակցության խորացմանը, տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը",- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: