Գորիս-Կապան միջպետական ճանապարհի բացման շուրջ բանակցությունները շարունակվում են
Գորիս-Կապան միջպետական ճանապարհի բացման շուրջ եռակողմ բանակցությունները հայկական, ռուսական և ադրբեջանական կողմերի միջև շարունակվում են: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնել է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:
Համայնքապետի խոսքով՝ ճանապարհի փակվելուց բացի՝ արտառոց այլ դեպքեր այս ընթացքում տեղի չեն ունեցել, և ստեղծված իրավիճակը որևէ կերպ չի անդրադարձել Կապանի համայնքի բնակավայրերի վրա:
Գևորգ Փարսյանը պատկերացում չունի՝ ե՞րբ կավարտվեն բանակցությունները կամ ի՞նչ արդյունք դրանք կտան, բայց ամեն դեպքում շեշտել է բանակցությունների դրական ելքի անհրաժեշտությունը:
«Ես կարող եմ միայն ասել, որ բանակցությունների դրական արդյունքը խիստ անհրաժեշտություն է, որովհետև դա շատ կարևոր ճանապարհ է մեզ համար և ընդհանրապես Հայաստանի համար», - նշել է Կապանի համայնքապետը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Ըստ ԱԱԾ հաղորդագրության` նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են և աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:
Ավելի ուշ, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել էր, որ ադրբեջանցի զինծառայողները փակել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը: