Ազգային ժողովում տեղի ունեցածը խայտառակ բռնություն է. ընդդիմության հայտարարությունը
«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների հայտարարություն են տարածել օգոստոսի 24-ին Ազգային ժողովում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ:
ՀՀ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները «խստորեն դատապարտում են այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ բռնությունն Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ»:
«Արձանագրում ենք, որ օգոստոսի 24-ը դառնալու է խորհրդարանական պատմության ամենաամոթալի էջերից մեկը, երբ իրենց իշխանություն հռչակած մի խումբ անձանց ապօրինի հրամաններով ՀՀ օրենսդիր մարմնում, Սահմանադրության և օրենքների կոպիտ ոտնահարմամբ տեղի ունեցավ հանցագործություն ժողովրդավարական և խորհրդարանական արժեքների նկատմամբ:
Հայաստանում բռնության քարոզն ու ատելության մթնոլորտն ունեն մեկ աղբյուր՝ դա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Վստահեցնում ենք, որ հետևողական ենք լինելու այսօր հանցագործություն կատարած անձանց ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական պատասխանատվության ենթարկելու հարցում», - ասված է հայտարարության մեջ:
VERELQ-ը հայտնել էր, որ Ազգային ժողովում օգոստոսի 24-ին տեղի է ունեցել հայհոյանքներով ուղեկցվող վեճ, հրմշտոց ու ծեծկռտուք ընդդիմադիր պատգամավորների ու անվտանգության աշխատակիցների միջև:
Վեճը բռնկվել է այն բանից հետո, երբ անվտանգության աշխատակիցներն ԱԺ նախագահի կարգադրությամբ փորձել են դահլիճից հեռացնել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին, որի՝ վարչապետ Փաշինյանին ուղղված հաց-հայտարարությունը վրդովվեցրել էր կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին: