26.11.2024
Ջրականի դիրքային հատվածից տարհանվել է ևս մեկ զինծառայողի աճյուն
prev Նախորդ նորություն

ՀՀ ԳԱԱ աջակցությամբ Արցախում նոր գիտական ուղղություններ կզարգանան

Օգոստոսի 16-17-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանն Արցախում հանդիպումներ է ունեցել Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի, կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի և Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Անյուտա Սարգսյանի հետ:


ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայության փոխանցմամբ, քննարկվեցլ են Արցախի գիտական կենտրոնի զարգացման և ուժեղացման հարցերը, ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները:


Արցախի գիտական կենտրոնը ստեղծվել է ՀՀ ԳԱԱ ակտիվ մասնակցությամբ: Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի աջակցությամբ ստեղծվել են առաջին գիտական լաբորատորիաներն Արցախում:


«Կենսաբանական և քիմիական ուղղություններով լաբորատորիաների հիմնական աշխատանքներն ուղղված են կենսատեխնոլոգիական հետազոտություններին: Լաբորատորիաները գործում են նաև ՀՀ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող թեմատիկ ծրագրերի շնորհիվ: Համագործակցության շրջանակներում արդեն ութ գիտությունների թեկնածու են պատրաստել, ովքեր այսօր կենտրոնում աշխատում են»,- ասել է ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը:


Նա կարևորել է, որ Արցախի գիտական կենտրոնում իրականացվող հետազոտական աշխատանքների արդյունքներն աստիճանաբար ուղղվում են դեպի ապրանքայնացում, ինչը շատ կարևոր է Արցախի տնտեսության զարգացման և նոր տեխնոլոգիաների ներդրման համար:


«Մինչև այս տարվա վերջ կենտրոնը կտա իր առաջին արտադրանքը՝ «Նարնե պլյուս» կաթնաթթվային մթերքը՝ արտադրված հենց Արցախի բնական աղբյուրներից անջատված կաթնաթթվային շտամների հիմքի վրա: ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտարտադրական կենտրոնի կողմից տրամադրվող տեխնոլոգիական սարքավորումների կիրառմամբ կկազմակերպվի փոքրածավալ արտադրություն, որը լիարժեք կբավարարի ամբողջ Արցախի պահանջարկը»,- ասել է Աշոտ Սաղյանը:


Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտների աջակցությամբ Արցախի գիտական կենտրոնում նոր գիտական ուղղություններով լաբորատորիաների ստեղծման հնարավորությունները: Նախատեսվում է ստեղծել երկրաբանության, ռադիոֆիզիկայի, ֆիզիոլոգիայի, աստղաբանության ուղղություններով նոր գիտական խմբեր կամ լաբորատորիաներ:


«Այն գիտական ուղղությունները, որոնք ընտրվում են Արցախի գիտական կենտրոնի համար, բխում են Արցախի տնտեսության զարգացման հեռանկարներից՝ գյուղատնտեսության, ռազմական պաշտպանության համակարգի ամրապնդման և այլ հարցերի հետ կապված»,- ասել է ՀՀ ԳԱԱ նախագահը:


ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանի և Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ այցեր կազմակերպել ՀՀ ԳԱԱ ինստիտուտներ և Արցախի գիտական կենտրոն հետագա ծրագրերի մշակման և համագործակցության ընդլայնման համար: