23.11.2024
ԵՏՀ-ն սահմանել է գյուղատնտեսական ապրանքների ներմուծման սակագնային քվոտաներ 2022թ. համար
prev Նախորդ նորություն

ՀՀ անվտանգության համակարգի վրա էական ազդեցություն ունի ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով կառավարության գործունեության ծրագրը նշել է, որ ՀՀ անվտանգության համակարգի վրա էական ազդեցություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը։


«Մենք ընդգծում ենք համանախագահության դերը ղարաբաղյան հիմնախնդրի լուծման և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման գործում։ Մեր դիրքորոշումն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով խաղաղ բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումը էական գործոն է տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման իմաստով», - ասել է Փաշինյանը կառավարության օգոստոսի 18-ի նիստում։


Այս առումով, նա ընդգծել, որ կառավարության ծրագիրն ըստ էության որոշակի դիրքավորում է ձևակերպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հուլիսի 29-ի հայտարարության նկատմամբ: «Այն առումով, որ մենք մեր ծրագիրը և ծրագրային դրույթները ձևակերպել ենք այնպես, որպեսզի այն մաքսիմալ համարժեք լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերականգնման վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահության կոչերին», - ասել է նա։


Փաշինյանը նաև հիշեցնել, որ հուլիսի 29-ի հայտարարության մեջ համանախագահները վերահաստատել են հակամարտության բոլոր մնացած հիմնական հարցերի բանակցված, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը և կողմերին կոչ են արել հնարավորինս շուտ վերադառնալ բանակցություններին՝ համանախագահների հովանու ներքո։


«Համանախագահները կրկնել են իրենց հովանու ներքո երկկողմ ուղղակի խորհրդակցություններ կազմակերպելու առաջարկը, որպեսզի կողմերը վերանայեն և համատեղ համաձայնեցնեն բանակցությունների կառուցվածքային օրակարգը՝ արտացոլելով իրենց առաջնահերթություններն առանց նախապայմանների», - նշել է Փաշինյանը։


Հետևաբար, նրա խոսքով, կառավարության ծրագիրը ձևակերպելիս «մենք հաշվի ենք առել համանախագահության այս առաջարկը և ծրագիրը ձևակերպել ենք այնպես, որպեսզի այն համարժեք լինի բանակցային գործընթացը լիարժեք վերականգնելու համանախագահների կոչին»։ «Եվ նախապայմաններ չենք առաջադրել, ընդհակառակը, ամեն ինչ արել ենք, որպեսզի բանակցային պատշաճ միաջավայր ձևավորելու համար անհրաժեշտ մեր անելիքները ձևակերպենք և բանակցային գործընթացը որևէ կերպ խոչընդոտելու միտում ու դրսևորում արատահայտված չլինի կառավարության ծրագրում», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։