23.11.2024
Ինչո՞ւ է ՊՆ-ն կազմակերպում պահեստազորայինների վարժանքներ. Տիգրան Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Վահե Հովհաննիսյան. Ով և ինչպես կպատասխանի Ալիևին

Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ.


«Ընդդիմությունը պարտավոր էր/է արձագանքել Ալիևի հայտարարությանը։ Ադրբեջանի նախագահը, ըստ էության, նոր օրակարգ առաջ քաշեց՝ իր նոր ռիսկերով և ձևավորվող նոր իրողություններով։ Նիկոլը չկա՝ զբաղված է, չգիտի ինչ պատասխանի, իրեն չի հետաքրքրում և այլն, չգիտեմ ինչ պատճառներով, բայց չկա։ Նրա գործողությունները վաղուց արդեն չեն տեղավորվում տրամաբանության մեջ, և այստեղ ոչինչ անել չենք կարող։ Բայց ընդդիմության պարագայում հարցն այլ է։


Ընդդիմությունը, առավել ևս՝ խորհրդարանական համակարգում, շատ բարձր կարգավիճակ ունի, գրեթե իշխանություն է։ Եվ այդ «գրեթե»-ն մի օր ամբողջականանում է հենց ճիշտ հրապարակային քաղաքականության արդյունքում։


Եթե ընդդիմությունն Ալիևի առաջ քաշած նոր օրակարգին ու նաև նվաստացնող հնչերանգով տեքստին երեք օր է՝ չի արձագանքում, ապա չի հասկացվում, թե ինչի´ հաշվին պետք է փոխվեն Նիկոլին ձայն տված 600 հազարը, որոնց պատկերացումները պետականության մասին սեփական տնամերձի սահմաններում են, և թե ինչպե´ս պետք է հաղթահարվի տանը մնացած 800 հազարի անտարբերությունը։ Իսկ առանց այս խնդիրները լուծելու՝ մենք երկիրը կորցնելու ենք. սա պետք է պարզ ասել։


Ի դեպ, ընդդիմության պաշտոնական արձագանքը նաև հարգանքի քայլ է այս իշխանությանը մերժած 400 հազարի հանդեպ. հենց նմա´ն հրապարակային քաղաքականությամբ են պահվում կոնսոլիդացված էլեկտորատները։


Մարդիկ մոլորված են, անհանգիստ են, և շատ կարևոր է ընդդիմության՝ որպես ինստիտուտի արձագանքը։ Նման արձագանքներով ու հետևաբար՝ հանրության հետ նման երկխոսությամբ է հեղինակության և վարկանիշի աճ լինում։


Ընդդիմության արձագանքը շատ կարևոր է նաև արտաքին խաղացողների համար՝ թե´ դաշնակիցների, թե´ հակառակորդների։ Հակառակ դեպքում մենք վերածվելու ենք համր պետության։


Սա թույլ տալ չենք կարող, որովհետև նախ՝ սա շատ վտանգավոր է, մյուս կողմից էլ՝ մեծ թվով հանրային գործիչներ և ուղղակի գիտակից մարդիկ երկու-երեք օր է՝ մտահոգ են ու ակտիվ քննարկում են Ալիևի ձևակերպումները։ Սա խոսում է այն մասին, որ նոր քաղաքական- հանրային հոսանքների, նոր ձևաչափերի ստեղծումը բնական ճանապարհով ինտենսիվացվելու է։


Կարծում եմ՝ ընդդիմությունը, այնուամենայնիվ, առաջիկայում կարձագանքի, բայց 21-րդ դարում հրապարակային քաղաքականությունը, տվյալ դեպքում՝ արձագանքի մշակույթը, պետք է բավարարի մի քանի պայմանների՝ ինչպե´ս, ի´նչ բովանդակությամբ և ե´րբ։ Երեքն էլ շատ կարևոր են։ Սա այն հարցերից չէ, որոնց արձագանքում են «դե մի օր հարմար լինի, կպատասխանենք» կամ «դե մի բան կասենք» ռեժիմով։


Պատասխանելիս պետք է հաշվի առնել, որ սա շատ նուրբ և վտանգավոր պահ է. այսօրվա իշխանության ձկնային լռության ֆոնին բարձր հնչեցված ցանկացած ոչ իշխանական տեսակետ կարող է ընկալվել որպես հայ հանրության ընդհանրական պատասխան»։