Հայաստանում խստացվում են COVID-19-ի դեմ պատվաստումների կանոնները
Հայաստանում խստացվում են COVID-19-ի դեմ քաղաքացիների պատվաստման կանոնները։ Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ուսումնական հաստատություններում, հանրային սննդի օբյեկտներում եւ մի շարք այլ կազմակերպություններում կկիրառվի կանոն, համաձայն որի քաղաքացիները կամ պետք է պատվաստվեն COVID-19-ի դեմ, կամ պետք է ամիսը երկու անգամ կորոնավիրուսի ՊՇՌ-թեստ հանձնեն:
Նա չի կարծում, որ նոր կանոններն պատվաստումների անուղղակի պարտադրանք են: Ընդհակառակը, ըստ նախարարի, կորոնավիրուսը մնում է լուրջ մարտահրավեր և պետք է ամեն ինչ անել քաղաքացիներին պաշտպանելու համար։ «Ինչպես եւ շատ այլ երկրներ, մենք կօգտվենք նման սահմանափակումներից, քանի որ տվյալ դեպքում, բացի առանձին մարդու առողջությունից, հանրային առողջապահության լուրջ սպառնալիք կա», - պարզաբանել է նա՝ հավելելով, որ նոր միջոցներ կկիրառվեն օրենքի շրջանակներում, որպեսզի քաղաքացիները պատվաստվեն:
Ավանեսյանը նշեց, որ այս պահանջը չի տարածվելու պատվաստումների հակացուցումներ ունեցող մարդկանց վրա: Նախարարի խոսքով՝ միջոցառումները խստացվում են նաեւ հաշվի առնելով ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ կորոնավիրուսով հիվանդացության աճի վերաբերյալ առկա ռիսկը:
Օգոստոսի 11-ի դրությամբ Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը կազմել է 399: Մեկ օրում 7 մարդ է մահացել։ Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը հասել է 233 400-ի: