Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին արդիականացնելու զինված ուժերը. Շոյգու
Ռուսական ռազմական գերատեսչությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանի Զինված ուժերի արդիականացման և բարեփոխման հարցում։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ Մոսկվայում ողջունելով Արշակ Կարապետյանին Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կարևորում ենք ռազմական ոլորտում մեր փոխգործակցության զարգացումը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում։ Միաժամանակ, պատրաստ ենք շարունակել աջակցել Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի իրականացմանը: Խնդիրը հեշտ չէ, բայց կարծում եմ, որ ձեր փորձով այն կլինի դյուրին», - ասել է Շոյգուն։
Նա նշել է, որ հանրապետության տարածքում է գտնվում 102-րդ ռուսական ռազմակայանը, որը լավ հագեցած է եւ անվտանգության երաշխավոր է: «Հայաստանն Անդրկովկասում անվտանգության ապահովման Ռուսաստանի դաշնակիցն ու առանցքային գործընկերն է, եւ մենք խիստ շահագրգռված ենք այս տարածաշրջանում կայունության պահպանման հարցում», - հավելել է նախարարը:
Շոյգուն շնորհավորել է Կարապետյանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նշելով, որ այն կայացել է «դժվարին ժամանակներում, երբ երկրի պաշտպանական ոլորտի բարեփոխման բարդ խնդիրներ են դրված»:
Իր հերթին Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Շոյգուին Հայաստանի Զինված ուժերի մարտունակության վերականգնմանը, զորքերի հագեցվածությանն ու ուսուցմանը նպաստելու պատրաստակամության համար:
Նա ընդգծել է, որ իր առաջին արտասահմանյան այցը պաշտպանության նախարարի կարգավիճակում կատարում է հենց Ռուսաստան, որը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է:
«Ռուսաստանը միակ պետությունն է, որն իրապես շոշափելի անվտանգության արդյունք է տալիս հայ ժողովրդի համար եւ այսօր զբաղվում է անվտանգության հարցերով ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլեւ Հայաստանի սահմաններում», - հայտարարել է Կարապետյանը: - Մենք պատրաստ ենք շատ սերտ և արդյունավետ համագործակցության»։