Երևանը նախապայմաններ չի դրել ԼՂ կարգավորման գործընթացը զրոյից սկսելու համար. Աղաջանյան
Հայաստանը երբեք իր գործընկերների առջև նախապայմաններ չի դրել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների գործընթացը զրոյից սկսելու վերաբերյալ։
Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածու Էդուարդ Աղաջանյանը՝ մեկնաբանելով ընդդիմության մեղադրանքներն այն մասին, որ գործող իշխանությունների ՝ բանակցությունները զրոյից սկսելու մտադրությունները տխուր հետեւանքներ են ունեցել Հայաստանի եւ Արցախի համար։
Նրա խոսքով՝ այն նոր մոտեցումները, որոնք առաջ է քաշել 2018 թվականին եկած քաղաքական թիմը, «ընդամենը առաջարկներ են եղել, որոնք կոչված են ապահովելու կարգավորման գործընթացի առաջխաղացումը»:
«Ինչպես գիտեք, մինչ այդ քննարկվող փաստաթղթերը լի էին անորոշություններով, հայկական եւ ադրբեջանական կողմերը դրանք տարբեր կերպ էին մեկնաբանում», - հայտարարել է նա: Աղաջանյանը նշել է, որ հանդես գալով նոր առաջարկներով, հայկական կողմը եւս փորձել է հասկանալ, թե որքանով են հայկական եւ ադրբեջանական կողմի մոտեցումները համահունչ:
«Դա մեծ հստակություն կապահովեր գործընթացում, այդ թվում նաև մեր գործընկերների համար», - հայտարարեց պատգամավորը: Նա վստահեցրել է, որ բանակցությունները զրոյից սկսելը ոչ թե նախապայման էր, այլ առաջարկ, որը քննարկվել է տարբեր ձևաչափերով և մերժվել է ադրբեջանական կողմից: