Հայաստան-Միացյալ Նահանգներ պետական հարաբերություններում ժամանակին բարձրացվել է հայկական նոր ատոմակայանի կառուցման հարցը, սակայն այն մեղմվել ու շրջանցվել է հատկապես Հայաստանի կողմից, «Ազատության» հետ զրույցում ասաց 1997-1998թթ. Հայաստանի արտգործնախարարության Ռազմաքաղաքական վարչության պետ, իսկ 1999-2001թթ. ԱՄՆ-ում Հայաստանի փոխդեսպան Արմեն Խարազյանը։
Նախկին բարձրաստիճան դիվանագետը, ով ներկայում բնակվում է Վաշինգտոնում և ղեկավարում է ազգային անվտանգության ոլորտում իրավաբանական ծառայություններ մատուցող «Խարազյան» ընկերությունը, պնդեց, թե Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հարցում այսօր էլ Միացյալ Նահանգների մոտ հետաքրքրություն կա։
Խարազյան․ - Ժամանակն է, որ արդեն Հայաստանը կարողանա Միացյալ Նահանգների հետ աշխատել շատ ավելի առաջ միտված ծրագրերի իրականացման ուղղությամբ։ Ես կխոսեի ավելի շատ ռազմավարական ենթակառուցվածքների ստեղծման ծրագրերիc։ Էստեղ ավելի քիչ օժանդակության խնդիր է, ավելի շատ` տեխնիկական աջակցության և այնպիսի կարողությունների ստեղծման, որոնք Հայաստանին թույլ տան ստեղծել շահութաբեր տնտեսություն։ Ես կխոսեի Հայաստանի միջուկային անվտանգության, էներգետիկ անվտանգության, հատկապես նոր ատոմակայանի կառուցման մասին։ Շատ կցանկանայի տեսնել հայ-ամերիկյան գործընթաց նոր ատոմակայանի կառուցման շուրջ։ Այս խոսակցությունը սին խոսակցություն չէ, նման հարցադրումներ եղել են հայ-ամերիկյան երկկողմ պետական հարաբերություններում և դրանք կենսունակ հարցադրումներ են։ Կա նաև տիեզերական հաղորդակցությունների ոլորտը, որտեղ կցանկանայի տեսնել հայ-ամերիկյան համագործակցություն, կա ռազմավարական հաղորդակցությունների ոլորտը, օդային պաշտպանության ոլորտը, թվային կենսունակության ոլորտը։ Սրանք խնդիրներ են, ճանապարհների կառուցում, կամուրջների կառուցում, էներգետիկ անվտանգություն, հաղորդակցային անվտանգություն, թերևս տարածաշրջանային ծրագրեր հայ-վրացական` Հայաստանի արտաքին հաղորդակցությունների հնարավորություններն ընդլայնելու առումով, ընդհանուր շուկայական միտումներ ձևավորելու առումով, որոնք թույլ կտան Հայաստանին իր տնտեսությունը բերել և վերստին դարձնել շահութաբեր, որը թույլ կտա Հայաստանին վճարել իր ռազմական ու զարգացման այլ ծրագրերի համար։ Օգնության վրա մնալը միշտ չէ, որ լավ է երկրների համար, հատկապես Հայաստանի համար։
«Ազատություն»․ - Պարոն Խարազյան, Դուք ասացիք, որ նոր ատոմակայանի կառուցման հարցը քննարկվել է, հարցադրումներ են բարձրացվել հայ-ամերիկյան բանակցությունների ընթացքում: Ե՞րբ է տեղի ունեցել, մանրամասներ կարո՞ղ եք հայտնել։
Խարազյան․ - Սրանք հարցադրումներ են, որոնք քննարկվել են շատ վաղուց՝ մոտ 20 տարի շարունակ, միջուկային էներգետիկայի ոլորտում Հայաստանին Միացյալ Նահանգների օժանդակությունը և այդ ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը 97 թվականից ի վեր եղել են հայ-ամերիկյան օրակարգում, երբեմն դրանք ունեցել են լուրջ դրսևորումներ՝ գործնական հետևանքներ պարունակելով իրենց մեջ, երբեմն դրանք մեղմվել ու, այսպես ասած, շրջանցվել են հատկապես հայկական կողմից։ Ես կարծում եմ, որ այսքան մանրամասները բավական են։ Միացյալ Նահանգների մոտ այդ հետաքրքրությունը կա, և խնդիրը Հայաստանի շահագրգռության մեջ է՝ աշխատել Միացյալ Նահանգների հետ էներգետիկ անվտանգության, հատկապես՝ միջուկային էներգետիկայում զարգացման հնարավորությունների հետագա ընդլայնման շուրջ։