27.11.2024
ԵՄ-ն ցանկանում է ակտիվ ներգրավվել տարածաշրջանում կայունություն հաստելու գործին. Միշել
prev Նախորդ նորություն

Ցանկանում ենք ամրապնդել կապերն այս տարածաշրջանի երկրների և Եվրամիության միջև. Միշել

Եվրամիությունը ցանկանում է շատ հավատարիմ, ներգրավված, ակտիվ գործընկեր լինել Հայաստանի բարօրության, կայունության և անվտանգության համար: Եվ այս շրջանակներում մենք առիթ ենք ունեցել Եվրամիության ու Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների մասին խոսելու: Այդ մասին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսին, հանդես գալով հայտարարությամբ, ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:


«Ես մի շատ հզոր ուղերձ եմ Ձեզ հղում. մենք Հայաստանի կողքին ենք և հաստատում ենք ևս մեկ անգամ. աննախադեպ՝ 2,6 մլրդ եվրոյի ֆինանսական փաթեթ ենք տրամադրելու Հայաստանին, որպեսզի աջակցենք երկրի առաջնահերթությունների իրականացմանը», - ասել է նա ու հավելել, որ այդ առաջնահերթյունների մասին, որոնց շուրջ հայկական թիմերը կհամագործակցեն Եվրամիության հետ, որպեսզի այդ ֆինանսական միջոցները տեսական կամ վիրտուալ չլինեն, այլ հնարավորինս արագ կյանքի կոչվեն, կոնկրետ ծրագրերի միջոցով իրագործվեն, պատասխանեն Հայաստանի կարիքներին տարբեր ոլորտներում՝ լինեն ենթակառուցվածքները, թվային ոլորտը, կլիմայական, տրանսպորտի բնագավառներին կամ աջակցելու ժողովրդավարական բարեփոխումների ծրագրի իրականացմանն ու առաջ մղմանը:


«Աշխարհում ամենուր առճակատվում ենք համավարակին՝ COVID-19-ին: Մենք այստեղ ևս, ինչպես նշեցիք, ջանքեր ենք գործադրել և շարունակելու ենք այդ ջանքերը գործադրել համերաշխ լինելու Հայաստանի հետ: Եվրամիությունն աշխարհի մեծ ժողովրդավարական տարածաշրջան է: Եվ Եվրոպան փորձում է արտահանել պատվաստանյութեր և շարունակելու է այդ գործընթացը: «Կովակս» ծրագիրն ենք իրագործում, որպեսզի ամբողջ աշխարհի համար հասանելի դառնան այդ պատվաստանյութերը: Որոշվել է առնվազն մինչև տարվա վերջ 100 000 դեղաչափ մոբիլիզացնել, որպեսզի կարողանանք պատասխանել համաշխարհային այս մարտահրավերին: Քանի դեռ այս առումով բոլորն անվտանգության մեջ չեն, աշխարհն ամբողջությամբ անվտանգության մեջ չի լինի», - ասել է նա:


Տարածաշրջանում իր ներկայության մեկ այլ պատճառը հետևյալն է. «վաղը լինելու եմ Ադրբեջանում, երկուշաբթի՝ Վրաստանում»:


«Եվրամիությունը ցանկանում է իր ներգրավվածությունն արտահայտել այս տարածաշրջանում: Մենք ցանկանում ենք ամրապնդել կապերն այս տարածաշրջանի երկրների և Եվրամիության միջև: Ցանկանում ենք նախապատրաստել գագաթնաժողովը, որի մասին խոսեցիք, Արևելյան գործընկերության բոլոր երկրների հետ, բացառությամբ՝ Բելառուսի, որի մասնակցությունը դեռ առկախված է: Գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբեր ամսին: Այս առումով ինձ համար կարևոր է միաժամանակ լսել տարբեր երկրների պատասխանատուներին և փորձել հասկանալ, թե ինչպե՞ս կարող ենք համատեղ աշխատել այդ գագաթնաժողովի ժամանակ, որպեսզի նոր լիցք հաղորդենք մեր հետագա աշխատանքներին: Եվ առաջիկա ամիսներին ցանկանում ենք շարունակել Ձեզ հետ աշխատել, պարոն վարչապետ, որպեսզի կարողանանք առաջ գնալ որոշակի հարցերի շուրջ», - ասել է նա:


Նա նշել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Մինսկի խմբի շրջանակներում կատարված աշխատանքներին: «Մենք ցանկանում ենք ոգեշնչել Մինսկի խմբին՝ շարունակել աշխատանքները և տեսնում ենք չորս թեմա, որոնք պետք է արծարծվեն կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով, որպեսզի կայունություն և բարգավաճում բերվի այս տարածաշրջանին և լուծվեն լուրջ հիմնախնդիրներ», - նկատել է նա ու թվարկել այդ թեմաները:


«Առաջին կետը՝ չափավոր դիսկուրսն է, չափավոր հռետորաբանությունն է, փորձել խուսափել ագրեսիվ հռետորաբանությունից: Շատ կարևոր օրինակ՝ գերիների հարցը. վերջին շաբաթների ընթացքում առիթ ենք ունեցել քննարկել այս հարցը: Եվրամիությունն այլ գործընկերների հետ խոսել է գերիների հետ կապված, ինչպես նաև ականապատման քարտեզների շուրջ: Հուսով ենք՝ պատասխանատու և դրական կերպով առաջ գնալ այս հարցի շուրջ:


Երկրորդ կետը՝ սահմանների սահմանազատումն է: Հուսով ենք, որ հնարավոր կլինի բանակցությունների, երկխոսությունների գործընթաց սկսել: Կարծում ենք՝ օգտակար է, որ երկու կողմերի զինված ուժերը նահանջեն, որպեսզի հնարավոր լինի քննարկումներ իրականացնել:


Երրորդ կետը, որ կուզեի նշել, մեր կարծիքով, կարևոր է կարողանալ քննարկել հնարավոր համագործակցությունները, տրանսպորտի ոլորտի հարցը: Գուցե կան այլ ոլորտներ, որտեղ տարածաշրջանային գործընթացներ կարող են իրականացվել՝ նպաստելու տնտեսական աճին և երկխոսությանը:


Եվ չորրորդ կետը՝ ավելի ընդհանուր, կարգավիճակի հարցը, խաղաղության բանակցությունը պետք է հնարավոր լինի նաև արծարծել: Եվ ես նշում եմ նաև, շատ ուշադիր եմ այն թեմաների շուրջ, որ Դուք ներկայացրեցիք, ինչպես օրինակ, մշակութային ժառանգության հարցը, որը թերևս պետք է հնարավոր լինի լուծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման հաստատությունների աջակցությամբ», - ասել է նա: