26.11.2024
Խուզարկում են Քաջարանի համայնքապետի բնակարանը. Ռոբերտ Հայրապետյան
prev Նախորդ նորություն

Ժողովուրդը կառավարությանը տվել է իրավունքի և օրենքի դիկտատուրա հաստատելու մանդատ. Փաշինյան

Ոստիկանության պարեկային ծառայության ներդրումը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անվանել է կառավարության կարևորագույն բարեփոխումներից մեկը:


Փաշինյանը Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հետ հուլիսի 8-ի վաղ առավոտյան այցելել է Ոստիկանության պարեկապահակակետային ծառայության գունդ: Պարեկային նոր ծառայության ծառայողների ծառայության դուրս գալուց առաջ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել շարային ստուգատեսին:


«Սա մեր կառավարության կարևորագույն բարեփոխումներից մեկն է, որը տեղավորվում է ոստիկանության բարեփոխումների տրամաբանության մեջ: Բայց իրականում մենք սա պետք է ավելի լայն համատեքստում դիտարկենք՝ իրավակարգի, պետություն-քաղաքացի, ոստիկան-քաղաքացի հարաբերությունների, բարեփոխումների տրամաբանության մեջ: Եվ այստեղ ուզում եմ երկու զուգահեռ պրոցեսներ նկարագրել. առաջինը՝ Հայաստանի Հանրապետությունում օրինականության և իրավակարգի պաշտպանությունն է և երկրորդը՝ իրավակարգի ու օրիանականության պաշտպանության համատեքստում Ոստիկանություն-քաղաքացի համագործակցությունը, Ոստիկանություն-քաղաքացի փոխօգնությունը», - ասել է նա:


Փաշինյանի խոսքով, այսօր Ոստիկանությունը ներկայանում է նոր կերպարով, տեխնիկական նոր հագեցվածությամբ, մասնագիտական նոր հմտություններով, և սրա արդյունքը պետք է լինի նոր որակի իրավակարգը Հայաստանի Հանրապետությունում, տվյալ դեպքում մայրաքաղաք Երևանում, որովհետև Պարեկային ոստիկանության ծառայությունը սկսում է մայրաքաղաք Երևանից:


«Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կառավարությանը տվել է իրավունքի և օրենքի դիկտատուրա հաստատելու մանդատ և ՀՀ քաղաքացիները Պարեկային ոստիկանության ծառայության արդյունքում պետք է իրավակարգի, կարգուկանոնի նոր որակ տեսնեն մայրաքաղաք Երևանի փողոցներում: Եվ ահա այս կարևորագույն առաքելությունն է, որ դուք պետք է իրականացնեք: Բայց մենք պետք է արձանագրենք, որ իրավակարգը, օրենքի և իրավունքի դիկտատուրան հաստատվում է ոչ միայն պատիժներով, ոչ միայն սանկցիաներով, այլև քաղաքացիներին ուղղորդելով, աջակցելով, օգնելով, որպեսզի նրանք տեղավորվեն և ճիշտ գործեն տվյալ իրավիճակում, օրենքի և իրավունքի տրամաբանության մեջ: Մյուս կողմից, քաղաքացին պետք է տեսնի, որ իրավունքը և օրենքն իրեն օգնության եկող, աջակցող և ոչ թե իր համար խոչընդոտներ հարուցող երևույթ է», - ասել է նա:


Փաշինյանն այս համատեքստում կարևորել է փոխօգնությունը, փոխշահավետությունը: «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պիտի տեսնի և արձանագրի, որ օրենքը և իրավունքը, որ պետության ուժը, որ ժողովրդի իշխանության ուժը, վճռականությունը և հետևողականությունն այն հենքն են, որի վրա կանգնած է մեր պետությունը, որի վրա կանգնած է մեր իրավակարգը և որի վրա հենվում են քաղաքացիների հարաբերությունները միմյանց և պետության հետ», - ասել է նա: