Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը «Համշահրի» օրաթերթի հետ հարցազրույցում անդրադարձել է Հայաստանում օտարերկրացիների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման խնդրին:
Մասնավորապես, դեսպանն անդրադարձել է Իրանի քաղաքացիների՝ պատվաստվելու համար Հայաստան այցելելուն ու ԻԻՀ առանձին պաշտոնյաների՝ իրանցիներին հորդորներին՝ պատվաստման նպատակով չմեկնել Հայաստան:
«Ես էլ եմ հանդիպել որոշ պաշտոնյաների և առանձին անհատների կողմից ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում ինչ-ինչ մեկնաբանությունների և վերլուծությունների: Եղել են իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ, նույնիսկ արվել են ոչ պատշաճ արտահայտություններ, որոնց հարկ չեմ համարում անդրադառնալ: Ակնհայտ է, որ Հայաստան-Իրան բարձր մակարդակի հարաբերություններին անհարիր են իրականության հետ կապ չունեցող և անկարևոր թեմաների անհարկի արծարծումը:
Բոլոր դեպքերում, քանի որ առկա են նաև որոշ թյուրընկալումներ, հարկ եմ համարում որոշակի տեղեկություններ հաղորդել: Ս.թ. ապրիլի 23-ին հրապարակվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանը, որով թույլատրվել է Հայաստանում գտնվող օտարերկրացիների պատվաստումն անվճար և կամավորության սկզբունքով:
Նման որոշման համար հիմք են ծառայել Հայաստանում գործող մի շարք օտարերկրյա դիվանագիտական և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև տարբեր հանգամանքների բերումով Հայաստանում գտնվող այլ անձանց կողմից մեր երկրում պատվաստումներ ստանալու մասին բազմաթիվ դիմումները:
Հարկ է նշել, որ մինչ օրս իրականացված պատվաստումների բացարձակ մեծամասնությունն իրականացված է ՀՀ քաղաքացիների և Հայաստանում մշտական բնակություն ունեցողների նկատմամբ, և որոշակի չափով նաև այս ծառայությունից օգտվել են օտարերկրացիները: Այս ընթացքում այդ հնարավորությունից օգտվել են տարբեր երկրների քաղաքացիներ, այդ թվում նաև իրանցիներ»,-ասել է նա։
Արտաշես Թումանյանը նշել է, որ լրացում է կատարվել գործող կարգում, համաձայն որի՝ օտարերկրացիների նկատմամբ Կորոնավիրուսի դեմ պատվաստումներ թույլատրվում են, եթե վերջիններս Հայաստանում են գտնվում ավելի քան 10 օր:
«Դա հնարավորություն կտա առավել հասցեական դարձնել պատվաստման գործընթացը՝ թիրախավորելով Հայաստանում օբյեկտիվ անհրաժեշտությամբ գտնվող օտարերկրացիներին»,-ասել է դեսպանը: