27.11.2024
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի նախագահին
prev Նախորդ նորություն

ԵԽԽՎ-ն համաձայնել է, որ հնարավոր չէ բանակցել ռազմական ներխուժման պայմաններում. Իգիթյան

ԵԽԽՎ-ում ընդհանուր տրամադրությունները վկայում էին այն մասին, որ միջազգային այս կառույցում էլ անհնար են համարում առաջ շարժվելը և վստահության մթնոլորտի հաստատումը առանց հայ ռազմագերիների վերադարձի։


Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, ԱԺ-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵԽԽՎ-ում հայկական խորհրդարանական պատվիրակության անդամ, «Իմ քայլը» իշխող դաշինքի անդամ Հովհաննես Իգիթյանը։


«Ես չէի ցանկանա դա հայամետ դիրքորոշում անվանել, բայց ընդհանուր տրամադրությունները ԵԽԽՎ-ում համապատասխանում էին այն շահերին, որ մենք առաջ էինք տանում։ Բացառությամբ միայն 1-2 հոգու, բոլոր զեկուցողները միանշանակ նշում էին, որ առանց ռազմագերիների վերադարձի հնարավոր չէ առաջ շարժվել, երբ խոսքը վստահության հաստատման մասին է», - հայտարարեց պատգամավորը։


Իգիթյանը տեղեկացրել է, որ ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում բարձրացրել է Հայաստանի տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման հարցը։


«Մենք զուգահեռներ ենք անցկացրել Ադրբեջանի գործողությունների եւ Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունների միջեւ։ Մենք նշել ենք, որ ադրբեջանական կողմը սկզբում ներխուժում է ինքնիշխան պետության տարածք, իսկ հետո առաջարկում բանակցություններ վարել», - հայտարարել է նա։


Պատգամավորն ընդգծել է, որ ԵԽԽՎ գործընկերները համաձայնել են ռազմական ներխուժման պայմաններում բանակցություններ վարելու անհնարինության հետ: