24.11.2024
ՀՀ-ն դարձավ գործիք՝ բավարարում է բոլոր կողմերի շահերը, բացառությամբ սեփական շահերի. Ադոնց
prev Նախորդ նորություն

Մամուլ. Սերժ Սարգսյանը ցանկանում է հնարավորինս մեծ թվով ՀՀԿ-ականներ գործուղել ԱԺ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Պատիվ ունեմ» դաշինքում հետընտրական բուռն զարգացումներ են ընթանում՝ ով վերցնի մանդատը, ով բացարկի դիմում գրի։ Սերժ Սարգսյանը ցանկանում է հնարավորինս մեծ թվով ՀՀԿ-ականներ գործուղել խորհրդարան։ Նա այնքան էլ գոհ չէ ներկա համամասնությունից, որ յոթ հոգանոց խմբակցությունում չորս պատգամավոր լինելու են ՀՀԿ-ի քվոտայով, երեքը՝ Վանեցյանի։ Հիշեցնենք, որ Վանեցյանի կողմից ներկայացված թեկնածուներն են Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանն ու իմքայլական նախկին պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Արթուր Վանեցյանը նախօրեին ասաց, որ ինքը նույնպես կվերցնի մանդատը։ Մինչդեռ ՀՀԿ-ում հույս են ունեցել, որ Վանեցյանը խորհրդարան չի գնա, եւ մեկ հոգով էլ կավելանա իրենց թիմակիցների թիվը՝ ի դեմս գյումրեցի Մարտուն Գրիգորյանի։ Հիմա փորձում են համոզել, որ ե՛ւ Տարոն Մարգարյանը, ե՛ւ Իշխան Զաքարյանը օրենսդիր մարմնի համար հարմար գործիչներ չեն, ճիշտ կլինի՝ հրաժարվեն մանդատներից, եւ խորհրդարան անցնեն Թեհմինե Վարդանյանն ու Մարտուն Գրիգորյանը։ Բանն այն է, որ Զաքարյանը ժամանակին Սերժ Սարգսյանի հետ խնդիրներ է ունեցել եւ կարող է անկառավարելի դառնալ։ Մինչդեռ վերջինս կարծում է, որ ինքը համակարգելով ողջ ընտրական պրոցեսը՝ արժանի է այդ մանդատին եւ հավակնում է ղեկավարել «Պատիվ ունեմ»-ին տրվելիք մշտական հանձնաժողովը։ Ուշագրավ է, որ իշխանական ճամբարում այս հարցում կա կոմպրոմիս, եւ, ամենայն հավանականությամբ, ընդդիմադիր երկրորդ ուժին կառաջարկեն տնտեսական հանձնաժողովը, որն ուղիղ կապի մեջ է կառավարության հետ։ Իսկ Զաքարյանը կարող է կոնտակտի գնալ իշխանությունների հետ։ Թե ով կլինի դաշինքի խմբակցության ղեկավարը, այստեղ երկու կարծիք չկա՝ Արթուր Վանեցյանը»:


«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքի» տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակա­վոր պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը շուտով նոր պաշտո­նի կանցնի: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վերջինս կնշանակվի Անվտան­գության խորհրդի քարտուղար՝ Արմեն Գրիգորյանի փոխարեն: Ըստ մեր աղ­բյուրի՝ սորոսականին Վաղարշակ Հա­րությունյանով փոխարինելուն նպաս­տել են ռուսները: Ինչ վերաբերվում է պաշտպանության նոր նախա­րարին, ապա ինչպես «Իրավունքն» է գրել, շրջանառվում է Սամվել Բաբայանի անունը՝ այդ պաշտոնին նշանակելու համար»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, որ միաժամանակ նաեւ ՀՀ փաստացի առողջապահության նախարար է, արդեն նախարարի նոր թեկնածու ունի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արսեն Թորոսյանը նոր ծրագիր է կազմել. նա իր ընկերոջ կնոջը՝ նախարարի ներկայիս ժ/պ Անահիտ Ավանեսյանին նպատակ ունի գործուղել խորհրդարան: Ըստ Թորոսյանի ծրագրի՝ Ավանեսյանը խորհրդարանում կզբաղեցնի ԱԺ առողջապահության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը, եւ այս դեպքում Թորոսյանը մեկ զարկով երկու նապաստակ կխփի. Նարեկ Զեյնալյանին կհեռացնի ճանապարհից եւ իր մարդը կունենա այդ հանձնաժողովում: Իսկ գաղտնիք չէ, որ Թորոսյանն ու Զեյնալյանը խնդիրներ ունեն, եւ դա ոչ մեկ անգամ է արտացոլվել խորհրդարանում: Ինչ վերաբերում է նախարարի պաշտոնին, ապա Թորոսյանն արդեն նախարարի նոր թեկնածու ունի՝ իր տեղակալ Սարգիս Թորոսյանը: Վերջինս 2019թ. ապրիլի 10-ից է զբաղեցնում վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Նա մասնագիտությամբ իրավագետ է, սակայն առողջապահության ոլորտում եւս պաշտոններ է զբաղեցրել: Հիշեցնենք՝ Անահիտ Ավանեսյանն էլ առողջապահության ոլորտի մասնագետ չէ, իրավաբան է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրությունների պաշտոնական արդյունքների մասին դեռ ԿԸՀ-ն որոշում չունի, սակայն իշխող թիմի պատգամավորների շրջանում աննախադեպ իրարանցում է՝ ով որ աշխատասենյակն է զբաղեցնելու։ ԱԺ-ում 2 օր է՝ Փաշինյանի «դեմբել սաստավը» ՎԻՊ աշխատասենյակների փնտրտուքի մեջ է․ քննարկում են, թե ով որ հանձնաժողովում, միջազգային խմբերում է ընդգրկվելու, դրանցից որն է գործուղումների ավելի մեծ հնարավորություն տալիս։ Ասում են, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է որոշելու, թե ով որ հանձնաժողովն է ղեկավարելու։ Օրինակ՝ այնքան էլ գոհ չեն պետաիրավականի նախագահ Վլադիմիր Վարդանյանից, եւ հնարավոր է՝ նա չղեկավարի հանձնաժողովը։ Եթե Նազելի Բաղդասարյանը գործադիր չգնա, ապա հնարավոր է, որ հենց նրան էլ վստահեն։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ են փնտրում, քանի որ Ռուբեն Ռուբինյանը տեղափոխվում է գործադիր՝ արտգործնախարարի պաշտոնին։ Նրան փոխարինող չեն գտնում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը մի քանի օր է՝ խրախճանքի մեջ է։ Մարզպետի որդին, ում անունը շրջանառվում է մի շարք աղմկոտ պատմություններում, խնջույքներ է կազմակերպում՝ լավ տղերքին պատիվ է տալիս, որ իրենց «պադվադիտ» չարեցին, ոմանց էլ պաշտոններ է խոստանում։ Սյունիքում չեն հասկանում, թե ինչու են նախկին երկրապահ Մելոն եւ որդին այսքան ուրախ՝ կարծես թե թուրքին չեն հաղթել, Սյունիքից նրանց չեն քշել, ադրբեջանական դրոշներն էլ դեռ ծածանվում են։ Եվ եկել են եզրակացության, որ նրանց երջանկացրել է թշնամու հետ բարեկամություն անելու հեռանկարը։  Սյունեցիք զարմանում են՝ Լիսկայի շվաքի տակ աճած ամենանախկին Մելոն դարձել է ներկա եւ ապագայի կենացն է խմում»:


«Իրավունք» թերթը գրում է. «Թե վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ իրեն պաշտոն առաջարկվե՞լ է, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը տվեց բացասական պատասխան: - Պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ որևէ քննարկում կամ առաջարկ չի եղել, չի եղել նաև կոալիցիա ձևավորելու առաջարկ: Այս պահին աշխատանք չեմ փնտրում: Միևնույն ժամանակ, մեր կու­սակցությանը շատ աշխատանք է սպաս­վում: ՏԻՄ ընտրություններ են կայանա­լու: Մենք կմասնակցենք այնտեղ, որտեղ կուսակցությունը լավագույնս պատրաստված կլինի, որտեղ մեր կառույց­ներն առավել ակտիվ կլինեն»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո դատական համակարգում վեթինգ խոստացած իշխանությունները չնայած տապալել են դատաիրավական բարեփոխումները, սակայն նորից են բարձրաձայնում, թե մտադիր են վեթինգի գործընթաց սկսել: Երեկ լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը հայտարարել է, թե իշխանությունները պողպատյա մանդատ ստանալուց հետո համակարգային վեթինգ կիրականացնեն:  Նկատենք՝ ընտրություններից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրավիրած հանրահավաքում ապօրինի գույք ունեցողներին առաջարկեց վերադարձնել թալանածը: «Կոչ եմ անում սկսել բանակցություններ գողացվածը վերադաձնելու վերաբերյալ, որը կծառայի ՀՀ սոցիալ-տնտեսական օրակարգի սպասարկմանը»: Անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին՝ Բադասյանը նշել է. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի կիրառման մասին էլ ասաց, որ շուրջ երկու տասնյակ գործեր գտնվում են ամփոփման փուլում, կան որոշ միջանկյալ դատական ակտեր, որոնք վերաբերում են հայցի ապահովմանը»։  Նկատենք՝ վեթինգի մասին իշխանությունները խոսել էին թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո, սակայն այն ձախողվեց: Ձախողվեց վեթինգի սպառնալիքը, դատարանները շրջափակելու միջոցով իրենց կամքը դատավորներին պարտադրելու վարչապետական հրամանը, Սահմանադրական դատարանը սեփականացնելու պլանը: Եվ չնայած Բադասյանն ասում է՝ երկու տասնյակ գործեր գտնվում են ամփոփման փուլում, սակայն փաստ է մեկ բան, որ 2020 թվականի սեպտեմբերից մինչեւ այժմ չկա գեթ մեկ պաշտոնյա, որ մեղադրյալի աթոռին է հայտնվել ապօրինի հարստանալու համար, կամ ում գույքը բռնագանձվել է: Եվ այսքանից եւ այսքան ձախողումներից հետո իշխանությունները կրկին խոսում են համակարգային վեթինգ իրականացնելու կամ ապօրինի գույքի բռնագանձման մասին: Տեսնենք՝ այս անգամ որքան ժամանակում կձախողեն պլանները»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հավաստի տեղեկություն ստացանք, որ Նիկոլ Փաշինյանի մայրական կողմի հարազատները ընտրության օրը դաժան ծեծի են ենթարկել Տավուշի մարզի բնակիչ Վազգեն Ֆրանգուլյանին, ով հայտնի հականիկոլական է, թեեւ ժամանակին քննադատել է նաեւ նախկին իշխանություններին։ 38-ամյա երիտասարդին, Նիկոլ Փաշինյանի հասցեին արված անզգույշ հայտարարության համար, հաղարծինցի մի խումբ երիտասարդներ խմբակային ծեծի են ենթարկել։ Քաղաքացին ծանր վնասվածքներով տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն։ Երեկ, սակայն, կենտրոնից տեղեկացրին, որ նման անուն-ազգանունով պացիենտ իրենց մոտ այս պահին չկա։ Հարցրինք՝ իսկ նախորդ օրերին եղե՞լ է։ 30 րոպե ժամանակ խնդրեցին, որպեսզի ճշտեն։ Ժամանակը լրանալուն պես կրկին կապ հաստատեցինք ԲԿ-ի հետ, սակայն մեզ փոխանցեցին, որ իրավասու չեն նման տեղեկատվություն տալու, որովհետեւ չգիտեն՝ իրականում մենք ով ենք, որտեղից ենք զանգել, լրագրո՞ղ ենք, թե՞ չգիտեմ ով։ Հիշեցրինք, որ կես ժամ առաջ խոսել ենք եւ ինֆորմացիա ստացել։ Պատասխանեցին․ «Հիմա չենք կարող»։ Փոխարենը ոստիկանության մեր աղբյուրները հաստատեցին, որ նույն օրը երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն հիվանդանոց ժամանած ոստիկաններին տեղեկացրել է, որ ընկել է, վնասվածքներն էլ դրա պատճառով է ստացել։ Երբ հակադարձել են, թե սա ընկածի բան չէ, ծեծվածն անդրդվելի է մնացել եւ որոշել է արագ դուրս գրվել հիվանդանոցից՝ հետքերը թաքցնելով։ Ֆրանգուլյանի մտերիմների կարծիքով՝ երիտասարդը խուսափել է հետագա վենդետաներից»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դատական համակարգում ուշագրավ գործընթացները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը որոշել է վերահսկողության տակ պահել դատական համակարգի ներկայացուցիչներին: Մասնավորապես, մենք տեղեկացանք, որ Վճռաբեկ դատարանի նախագահն իր մոտ է կանչել դատական համակարգի ներկայացուցիչներին եւ զգուշացրել, որ վերջիններս սոցիալական ցանցերում պետք է ավելի կոռեկտ լինեն, չհավանեն իշխանության դեմ որեւէ գրառում, նման մեկնաբանություն չթողնեն եւ գրառում չկատարեն: Վճռաբեկ դատարանի նախագահը հակառակ դեպքում սպառնացել է, որ պատասխանատվության են ենթարկվելու եւ ընդհուպ հեռացվելու են աշխատանքից: Խոսքը վերաբերում է ոչ միայն դատավորներին, այլև նույնիսկ գորածավարներին, քարտուղարուհիներին, որոնք եւս սոցիալական ցանցերում պետք է ակտիվ չլինեն եւ չդրսեւորեն այնպիսի պահվածք, որը կարող է ընդդեմ իշխանությունների լինել: Այսինքն՝ դատական համակարգում սկսել են վերահսկողություն իրականացնել, որպեսզի միայն իշխանահաճո վերաբերմունք լինի: Հետո էլ խոսում են, թե ապաքաղաքական է դատական համակարգը:


«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Արցախի ժողովրդի դեմ Թուրքիայի սանձազերծած վերջին ագրեսիայից և եռակողմ հայտարարության ընդունումից հետո թյուրքական երկու պետությունն առնվազն շաբաթական կտրվածքով հայտարարում են, թե հակամարտությունն անցյալում է, և անհրաժեշտ է տարածաշրջանում ամրապնդել խաղաղությունն ու երկրների միջև սկսել համագործակցությունը: Սակայն, ինչպես միշտ, այս դեպքում էլ նրանց խոսքերը և գործերը լիովին հակասում են իրար: Հրադադարի հաստատումից ի վեր Թուրքիան և Արդրբեջանը 7 ամսում արդեն 7-րդ զորավարժությունն են իրականացնում Հայաստանի և Արցախի սահմանների մոտ: Վերջինն անցկացվեց Նախիջևանում՝ հունիսի 21-23-ը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում ավտոմեքենաների «գոլդ» համարանիշերի դեֆիցիտ է առաջացել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանությունը որոշել է դրանք փոխարինել նորերով: Ըստ ոստիկանության՝ Հայաստանում գնալով նվազում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը, իսկ հետաքրքրություն ներկայացնող համարանիշերը գրեթե սպառվել են: Պարզվում է՝ ոստիկանությունն անգամ հաշվարկել է, թե մեծ պահանջարկ ունեցող, այլ կերպ ասած՝ «գոլդ» համարանիշերի վաճառքից որքան եկամուտ կունենա պետական բյուջեն: Ըստ այդ հաշվարկների՝ այն կկազմի ավելի քան 73 մլրդ 702 մլն դրամ, իսկ ծախսը՝ 2 մլրդ 93 մլն դրամ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանությունն առաջարկում է հաշվառման համարանիշների թողարկումը թույլատրել 8 նոր տառերով՝ «B», «E», «H», «I», «J», «K», «W» եւ «Y»: Ի դեպ, ՀՀ ոստիկանության մշակած որոշման այս նախագիծը երեկ կառավարության նիստում ընդունվեց առանց զեկուցման. այն անգամ չքննարկվեց: Մեզ հայտնի դարձավ, որ ոստիկանության առաջարկած այս նոր համարանիշերը վարորդների համար հասանելի կլինեն արդեն հուլիս ամսին։