ՆԱՏՕ-ի երկրի ռազմական օբյեկտի տեղակայումը ՌԴ սահմանների մոտ հատուկ ուշադրության առիթ է
ՌԴ սահմանների մոտ ՆԱՏՕ-ի երկրների ռազմական օբյեկտների տեղակայումը հատուկ ուշադրության առիթ է և անվտանգության միջոցառումների ձեռնարկման պատճառ:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծման հնարավորության մասին Անկարայի հայտարարությունը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծման հնարավորության մասին՝ երկու երկրների կողմից ստորագրված Շուշիի հռչակագրի շրջանակներում:
«Մեր սահմանների մոտ դաշինքի անդամ երկրների ռազմական ենթակառուցվածքի ծավալումը հատուկ ուշադրության առիթ է, ինչպես նաև մեր անվտանգության և մեր շահերի ապահովման համար անհրաժեշտ քայլերի ձեռնարկման պատճառը»,-լրագրողներին ասել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ դա Ռուսաստանի ուշադրության հարցն է։ «Մենք համագործակցում ենք Թուրքիայի հետ Անդրկովկասում իրավիճակի կայունացման գործում։ Մենք սերտ կապի մեջ ենք և Անկարայի, և Բաքվի, և Երևանի հետ: Կարծում ենք, որ ցանկացած քայլ պետք է նպաստի Անդրկովկասում իրադրության հետագա կայունացմանը, ենթակառուցվածքների, լոգիստիկայի զարգացմանը, ընդհանուր առմամբ իրավիճակի շտկմանը և չպետք է պարունակի ինչ-որ տարրեր, որոնք կարող են լարվածության աճի պատճառ դառնալ», - հավելել է Պեսկովը:
Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների կողմից երեքշաբթի ստորագրված Շուշիի հռչակագրի տեքստում, մասնավորապես, նշվում է, որ երկու երկրները համատեղ կգործեն երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում:
Հռչակագրում նաեւ նշվում է, որ «կողմերը կշարունակեն համատեղ ջանքերը երկու եղբայրական երկրների զինված ուժերի արդիականացման ուղղությամբ՝ ժամանակակից պահանջներին համապատասխան»: