26.11.2024
Էրդողանը հայտնել է, որ Բայդենի հետ «փառք Աստծո, չի քննարկել» Հայոց ցեղասպանության հարցը
prev Նախորդ նորություն

Էրդողանի այցը Շուշի սադրիչ քայլ է տարածաշրջանում կայունության հաստատման դեմ. Արցախի ԱԺ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ՝  Թուրքիայի նախագահի՝ Շուշի կատարած այցի կապակցությամբ:


«Արդեն որերորդ օրն է՝ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցները տարփողում են Թուրքիայի նախագահի՝ 2020թ. աշնանային պատերազմի արդյունքում գերեվարված հայկական Շուշի կատարելիք այցի մասին: «Համատարած խանդավառության» այս շքերթի ընթացքում նույն այդ երկրներում մոռանում են այն դերակատարության մասին, որ ունեցել է Թուրքիան և շարունակում է սպառնալիք լինել տարածաշրջանային կայունության ու խաղաղության համար: Այս առթիվ հարկ ենք համարում հիշեցնել, որ.


1915թ. արևմտահայությանը ցեղասպանության ենթարկելուց և հայ ժողովրդի պատմական բնօրրանը բռնազավթելուց հետո Թուրքիան վերջին հարյուր տարիների ընթացքում ձգտել է նույն ոճրագորոծությունը կատարել նաև արևելահայության նկատմամբ: Եվ միայն հայ ժողովրդի կազմակերպված պայքարի շնորհիվ է հաջողվել կանխել հայասպան նոր ծրագրերը:

2020թ. սեպտեմբերի 27-ին օգտվելով աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրենց համար բարենպաստ պայմաններից՝ Թուրքիան ու Ադրբեջանը, միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ նենգորեն հարձակվելով Արցախի Հանրապետության վրա, լայնածավալ պատերազմով կրկին փորձել են ցեղասպանության ենթարկել հայությանը:

Ոտնահարելով միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերը՝ 44-օրյա պատերազմի հետևանքով իր պատմական հայրենիքում, այդ թվում և Շուշիում ապրելու իրավունքից զրկվել են տասնյակ հազարավոր հայեր, և պղծվել են ազգային-քրիստոնեական պատմա-մշակութային նշանակության հարյուրավոր կոթողներ:
Այսպիսի նախապատմության պարագայում Էրդողանի անհրավեր այցն Արցախի բռնազավթված տարածքներ, մասնավորապես՝ երբեմնի ծաղկուն հայոց բերդաքաղաք Շուշի, ոչ այլ ինչ է, քան հերթական սպառնալիք և ուժի ցուցադրման նոր փորձ: Դա Բաքվում տխրահռչակ «ռազմավարի պուրակի» բացման շարունակությունն է, որը ենթադրում է հետպատերազմյան շրջանում հայ ժողովրդի նկատմամբ հոգեբանական և բարոյական նոր ճնշումների ցինիկ դրսևորում:


Թուրքիայի նախագահի նմանօրինակ քայլը սադրիչ գործողություն է տարածաշրջանում փխրուն կայունության հաստատման դեմ, որը հեռահար նպատակ ունի՝ կասկածի տակ դնել Ռուսաստանի խաղաղապահ առաքելության դերն ու նշանակությունը:


Մենք դիմում ենք միջազգային կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, Հայաստանի Հանրապետությանը՝ խստորեն դատապարտել Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները, որոնք հղի են նոր վտանգներով»,- ասված է հայտարարության մեջ, որը ստորագրել են «Ազատ Հայրենիք-ՔՄԴ», «Միասնական Հայրենիք», «Արդարություն», «Հայ Հեղափոխական Դաշնակություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները: