26.11.2024
Մամուլ. Սերժ Սարգսյանը գիտակցված օգնում է Նիկոլ Փաշինյանի՞ն
prev Նախորդ նորություն

Մամուլ. Կարեն Կարապետյանի մտերիմները «Հայաստան» դաշինքի ցուցակում են

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ հայտարարություն տարածեց, որ աջակցում է Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքին։ Բացի այդ, նրա մտերիմ մարդիկ ներգրավված են Քոչարյանի նախընտրական կամպանիայում։ Ցուցակի 23-րդ համարը վարչապետ Կարապետյանի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանն է, որը նրա ստեղծած ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավարն էր, իրավաբան Արամ Վարդեւանյանը Կարապետյանի գլխավոր օգնականն էր։ Նրա մեկ այլ խորհրդական՝ «Գազպրոմ Արմենիայի» լրատվականի երկարամյա ղեկավար Շուշան Սարդարյանն էլ Քոչարյանի շտաբի մամուլի ծառայությունն է համակարգում։ «Հայաստան» շարժման օգտին է աշխատում նաեւ Կարապետյանի սանիկ Արսեն Հարությունյանը՝ Ջրային տնտեսության կոմիտեի նախկին նախագահը»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Նախընտրական քարոզարշավի շրջանակներում իշխանության հաջորդ կանգառն այսօր կլինի Սյունիքի մարզում։ Ապրիլին այստեղ Փաշինյանը «բուռն» ընդունելության արժանացավ, իսկ ավելի վաղ՝ առհասարակ չկարողացավ մուտք գործել Սյունիք։ Ուստի որոշել են ամեն ինչ անել նման հեռանկարը կանխելու համար եւ հնարավորինս մեծ թվով աջակիցների են մոբիլիզացրել։ Փաշինյանի հետ մոտ 2 հազար շրջիկ աջակից է Սյունիք մեկնելու, մոտ հազար ոստիկան, Սյունիքի բոլոր կառույցները ոտքի են ելել․ մարզպետարանում մի քանի օր է՝ իրարանցում է տիրում, բառացիորեն տեռորի են ենթարկում մարզպետարանի ենթակայության տակ գտնվող հաստատությունների ղեկավարներին, որ կոլեկտիվներով, ընտանիքներով ներկա գտնվեն Փաշինյանի հանդիպումներին, հակառակ դեպքում՝ հրաժեշտ կտան պաշտոններին։ Ամենածանր բեռը ոստիկանության վրա է դրված։ Բրոնյա են արվել բոլոր մասնավոր ուղեւորափոխադրող ավտոբուսները, որոնք այս օրերին սպասարկում են նաեւ այլ ուժերի քարոզարշավին։ Մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն անձամբ դպրոցի տնօրեններին ասել է, որ դպրոցի կոլեկտիվով՝ աշակերտներով հանդերձ, տպավորիչ պետք է դիմավորեն Փաշինյանին։ Սրան վրադիր՝ երեկ դատախազությունը հաղորդագրություն տարածեց Գորիսի քաղաքապետի նկատմամբ նախաքննությունն ավարտելու եւ գործը դատարան ուղարկելու մասին։ Ի դեպ, առաջին կանգառը Սիսիանում է, ապա՝ Գորիսում»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Գրեթե ամեն քաղաքում և գյուղում գտնվում են մարդիկ, որոնք Փաշինյանին «դիմավորում» են վանկարկումներով՝ «Նիկո՛լ, դավաճա՛ն», «Նիկո՛լ, թո՛ւրք», ոմանք էլ՝ «սյունյաց ողջույնով»։ Այս ամենի դեմն առնելու համար Փաշինյանը դիմել է ուժային մեթոդներին՝ նրան ուղեկցողները հենց տեղում ծեծի են ենթարկում նման վանկարկումների հեղինակներին կամ հրավիրում են ոստիկանություն, իսկ ավելի վաղ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարեցին՝ քարոզարշավին խոչընդոտողների համար քրեական պատիժ սահմանելով, բայց դա չի զսպում մարդկանց։ Մեզ պատմեցին, որ ամեն քաղաք այցից առաջ ոստիկանության վեցերորդ վարչության և ԱԱԾ աշխատակիցներն այցելում են հավանական «ողջունողներին» և սպառնում, որ եթե Փաշինյանի այցը «հարամեն»՝ հայհոյեն, որևէ բան վանկարկեն, կտանեն բաժին։ Օրինակ՝ նախօրեին Չարենցավան կատարած այցից առաջ ոստիկանության վեցերորդ վարչության աշխատակիցները մոտեցել են հականիկոլական անձանց և հասկացրել, որ իրենք էլ դեմ չեն Փաշինյանին «ողջունելուն», բայց իրենց հրահանգված է բերման ենթարկել նրանց, դրա համար նախապես «լավով զգուշացնում» են»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շաբաթ օրը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ հրապարակեց Ադրբեջանից Հայաստան վերադարձող հայ ռազմագերիների լուսանկարը ու հայտարարեց, որ մեր տղաներից 15-ը գալիս են: Լուրն իսկապես մեծ իրարանցում առաջացրեց, հարցը նույնիսկ քաղաքականացվեց, ու ընդդիմությունը կարծիք հայտնեց, թե դա նշանակում է, որ Ալիևը ցանկանում է բարձրացնել Փաշինյանի վարկանիշը, իսկ իշխանական թևին մոտ կանգնած պրոպագանդիստներն էլ ակնարկում էին, որ Սև լիճ ադրբեջանցիների մուտքը հենց վկայում է այն մասին, որ Փաշինյանի հեռացումն ուզում են թե՛ ընդդիմադիրները, թե՛ Ալիևը:  Այնուհետ հետևեց ԱՄՆ-ի ու Վրաստանի կառավարությունների արձագանքը, և պարզ դարձավ, որ գործընթացքը մոդերացիա է արվել ամերիկյան կողմից, իսկ Վրաստանը ունեցել է որոշակի մասնակցություն: Այստեղից կարող ենք կարծել, թե ռուսական պետության գործադրած ջանքերն էֆեկտ չեն տալիս, ու ավելի ուժեղ ու ազդեցիկ են ամերիկացիներրը: Սակայն ուժային կառույցների մեր աղբյուրները պնդում են, որ չնայած արտաքնապես դա տեսանելի չեղավ, սակայն ռուսական կողմը ևս աշխատանք տարել է Ալիևի վարչակազմի հետ, իսկ ավելի կոնկրետ` մեզ փոխանցեցին համոզմունք, որ եթե ռուսները խանդի տեսարան սարքեին, ապա գործարքը հաստատ չէր կայանա: Ստացվում է, որ եթե հայ գերների վերադարձը հայրենիք արված էր Փաշինյանի վարկանիշը բարձրացնելու համար, ապա տրամաբանական է, որ դա ցանկանում են թե՛ Արևմուտքում, թե՛ Ռուսաստանում։ Ցավալին այս իրավիճակում այն է, որ հայ ռազմագերիների հարցը դարձել է ներքաղաքական շահարկման առարկա, 15 հոգու հետ գալն ամեն դեպքում պետք է ուրախություն լիներ բոլորի համար` անկախ քաղաքական հայացքներից ու սպասվելիք ընտրություններից»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հայրենի իշխանության ներսում թեժ քննարկվում է այն հարցը, որ պետք է լավ աշխատել Երեւանի վարչական շրջաններում ձայներ հավաքելու համար: Բանն այն է, որ իշխանությունն արդեն պարզել է, որ Երեւանում կարող է պարտվել ընդդիմությանը, քանի որ մայրաքաղաքում շատ վատ են տրամադրված իշխանության նկատմամբ: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունը պարզել է, որ թույլ են Երեւանի Դավիթաշեն, Նոր Նորք, Էրեբունի, Ավան, Արաբկիր ու Կենտրոն վարչական շրջաններում: Վերջիններս անգամ որոշել են սկզբում շրջել այն վարչական շրջաններում, որտեղ ժողովուրդը նորմալ է տրամադրված իրենց հանդեպ, ինչի համար նախօրեին եղան Շենգավիթ վարչական շրջանում, իսկ երեկ՝ արդեն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Իշխանությունը փորձում է այս վարչական շրջանների շրջայցերով ցույց տալ, որ իրենք Երեւանում եւս խնդիր չունեն, որից հետո արդեն կգնան այն վայրերը, որտեղ շատ վատ են տրամադրված իշխանությունների հանդեպ: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ նշված վարչական շրջանների ղեկավարները հատուկ հանձնարարություն ունեն՝ անել ամեն բան նախ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին դիմավորելու հարցում, այնուհետեւ ամեն ինչ անել ձայներ ապահովելու համար»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սուրեն Պապիկյանի և Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի աղմկահարույց զրույցի ձայնագրության «սլիվը» մտածված է արվել, որպեսզի քաղաքապետը կաշվից դուրս գա և Փաշինյանի համար հնարավորինս մեծ տոկոս խփի՝ ապացուցելով իր հավատարմությունը։ Բանն այն է, որ հատկապես Էջմիածնի շրջանում Փաշինյանի դիրքերը շատ թույլ են, այստեղ թե՛ գեներալ Մանվել Գրիգորյանի գործոնը կա՝ նրա հարազատները, մտերիմները խոստանում են գեներալի «վրեժը լուծել»՝ իշխանությանը պարտության մատնել։ Կա նաև Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի ազդեցությունը, ում նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, և նա ևս չի աջակցում իշխանություններին։  Տեղեկացանք, որ ձայնագրության հրապարակումից հետո «Քաղպայմանագրի» ակտիվում այն բուռն քննարկվել է, և որոշել են լուրեր տարածել, թե դա հին ձայնագրություն է՝ եղել է նոյեմբեր ամսին, երբ Փաշինյանն իր էջում հայտնի գրառումն էր արել՝ կոչ անելով սահմանի տղաներին վերադառնալ և «լուծել վնգստացողների հարցերը»։ Բայց ավելի ուշ պարզ դարձավ, որ ձայնագրությունն այդքան հին չէ, այն, ենթադրաբար, հունիսի սկզբին է արվել։ Սակայն, ամեն դեպքում, Պապիկյանին հաջողվել է հանդարտեցնել Դիանա Գասպարյանին և նրան հետ պահել հայտարարություն անելուց։ Մեզ ասացին, որ ձայնագրության հրապարակվելու օրը Պապիկյանն այցելել է Էջմիածին, և ՔՊ շտաբի գրասենյակից մարդիկ բարձր վեճի ձայն են լսել․ ՔՊ համապետական շտաբի ղեկավարը մեղադրել է քաղաքապետին՝ աշխատանքները ձախողելու համար, և Էջմիածնում իրենց վիճակը գնահատել է աղետալի»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որտեղ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանին իր դժգոհությունն էր հայտնում՝ կապված Նիկոլ Փաշինյանի վարքագծի հետ, իսկ վերջինս ամեն կերպ փորձում էր հանգստացնել նրան։ Տեղեկություններ կան, որ Գասպարյանն անգամ հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն դրան հետագա ընթացք չի տրվել։ «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանության ներսում դժգոհության՝ նման ու ավելի սուր դեպքերը բազմաթիվ են. բանն այն է, որ Փաշինյանի թիմակիցներն այլևս ի վիճակի չեն տանել նրա քմահաճույքներն ու հենց թիմակիցների նկատմամբ կոպիտ, անհավասարակշիռ պահվածքը։ Մյուս կողմից՝ նրանցից շատերը հասկանում են, որ իրենք կորցնում են իշխանությունը, և չի բացառվում, որ արդարանալու և «մաքուր երես» դուրս գալու համար նմանատիպ նոր «սլիվների» ականատես լինենք: Մյուս կողմից՝ հենց թիմի ներսում մեծ տարակուսանք կա այն առումով, որ ՔՊԿ մի շարք «կարկառուններ»՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ամեն ինչ անում են կուսակցության՝ առանց այդ էլ ցածր վարկանիշն ավելի գցելու համար: Մենք տեղեկություններ ունենք, որ «շարքերում» մասնավորաբար զայրացել են Լենա Նազարյանի երեկվա մեկնաբանության հետ կապված, թե «շինելու եմ» ասելով՝ Փաշինյանը «ենթադրաբար նկատի ունի, որ 2500 կմ ճանապարհ է կառուցելու»: Մեզ հետ զրույցում երեկ մի քանի ՔՊԿ-ականներ նշում էին, որ «նման հայտարարությունները, այդ թվում՝ մի շարք ձևակերպումներ Փաշինյանի կողմից, մեր իսկ պոտենցիալ ընտրողներին հեռացնում են մեզանից, քանզի տպավորություն է, թե նրանց պարզապես կատարյալ հիմարի տեղ ենք դնում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած, ՀՀ Սահամանադրության համաձայն, արտահերթ ընտրություններից հետո՝ մինչ նոր խորհրդարանի առաջին նիստի օրը, այս՝ յոթերորդ գումարման խորհրդարանը լիազորություններ ունի, սակայն այն, կարելի է ասել, այլեւս չի գործում։ Բանն այն է, որ այս ընթացքում խորհրդարանական երեք ուժերն էլ զբաղված են նախընտրական քարոզարշավով եւ, այսպես ասած, խորհրդարանի ժամանակը չունեն։ Եվ նաեւ դա է պատճառը, որ երեկ խորհրդարանում նախատեսված ԱԺ խորհրդի նիստը քվորման բացակայության պատճառով չի կայացել։ Խորհրդի նիստի ժամանակ պատգամավորները պետք է հաստատեին այսօր մեկնարկելիք հերթական նստաշրջանի օրակարգը, բայց օրակարգը չի հաստատվել, հետեւաբար նստաշրջանն էլ չի կայանա, եւ կրկին քվորում չի լինի։ Նկատենք՝ ԱԺ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 31 հարց, ընդ որում՝ պատգամավորները պետք է քննարկեին ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, ապա Հաշվեքննիչ պալատի 2020 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը։ Ժամկետացանկ է հաստատված եղել, եւ հանձնաժողովներում քննարկվելուց հետո այն ընդգրկվեց նստաշրջանի օրակարգ, սակայն չի քննարկվի։ Բացի այդ, լիագումար նիստում պետք է քննարկվեր նաեւ անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Աննա Գրիգորյանի եւ Սոֆյա Հովսեփյանի օրենսդրական նախաձեռնությունը՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ ուժի կիրառման եւ ղարաբաղյան հակամարտության ներկա փուլի մասին։ Սակայն սա էլ միակ հարցը չէ. այս օրերին արձակուրդում են եւ լծված են նախընտրական քարոզչության գործին կառավարության անդամներ, մարզպետներ, համայնքների ղեկավարներ։ Սա արդեն իսկ ենթադրում է, որ պետությունը կանգ է առել, էլ չենք ասում, որ Հայաստանը չունի ամենակարեւոր կառույցներից մեկի՝ Արտաքին գործերի նախարարության ղեկավար եւ փոխնախարարներ։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսում է բանակում բարեփոխումներ իրականացնելու, պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը բարձրացնելու մասին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին զանգվածային դիմումներ կան։  Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ զինվորականները դժգոհում են, քանի որ չկան տարրական պայմաններ՝ ո՛չ գիշերակաց, ո՛չ սնունդ, ո՛չ էլ անգամ զուգարան։ Այս ամենի հետ մեկտեղ քիչ է աշխատավարձը, և վարկեր են առկա։ Եվ գոնե այս հարցերը լուծվեն, իշխանությունները նախընտրական խոստումներ են տալիս, իսկ բանակը դատարկվում է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին պայմանագրային զինծառայողները՝ մոտ 50 հոգի, արդեն դիմումներ են գրել։ Պարզաբանումներ ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Գեղարքունիքի կորպուսի հրամանատար Հարությունյանի հետ։ Վերջինս հաստատեց, որ նման դիմումներ առկա են։ «Զորացրման զեկուցագրեր ներկայացնելու գործընթացն արդեն 5-6 ամիս է՝ առկա է, բայց դա ծառայության պայմանների հետ կապ չունի։ Այստեղ զուտ աշխատավարձի հարց է, ընտանեկան պայմաններ, և միայն պայմանագրայինը չեն, նաև սպայական կազմը։ Մարդիկ վարկեր ունեն, հազար հատ խնդիրներ ունեն, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի»,- նշեց նա։ Հրամանատարը ընդգծեց, թե ամեն դեպքում սահմանային իրավիճակը չէ խնդիրը։ «Մարդիկ կան, որ զեկուցագրեր գրել են, բայց սպասում են իրավիճակը հանդարտվի, քանի որ չեն ցանկանում իրենց ստորաբաժանումը լքել, կան դիմումներ, միգուցե ավելանան», – հավելեց նա։ Այսինքն՝ մի կողմից խոստումներ են, մյուս կողմից՝ իրականությունը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Բուջեի ծախսերը կատարելու համար կառավարությունը ռեկորդային տեմպերով ավելացնում է պետական պարտքը։ Վերջին 1 տարվա ընթացքում Հայաստանը 1 մլրդ 370 մլն դոլարի պարտք է կուտակել։ Տնտեսության վիճակը վատ է, պարտքն էլ ավելանում է, եւ դա ծանր բեռ է լինելու։ Ապրիլի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը հասել է շուրջ 8 մլրդ 773 մլն դոլարի։ Այդ գումարից 1 մլրդ 370 միլիոնը ձեւավորվել է միայն վերջին 1 տարվա ընթացքում։ Գրեթե 29 տարվա ընթացքում Հայաստանը ընդհանուր առմամբ կուտակել էր 7 մլրդ 403 մլն դոլարի պարտք, իսկ միայն վերջին 1 տարում այս իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պարտքն ավելացրել է 1 մլրդ 370 մլն դոլարով։ Ընդ որում, աճում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պարտքը։ Խոսենք թվերով. արտաքին պարտքը հասել է 6 մլրդ 743 մլն դոլարի, իսկ ներքին պարտքը հատել է 2 մլրդ դոլարի սահմանը։ Անցած 1 տարվա ընթացքում արտաքին պարտքն ավելացել է 1 մլրդ 43 մլն դոլարով, աճն անցնում է 18 տոկոսից։ Աճի տեմպն ավելի բարձր է ներքին պարտքի դեպքում՝ 1 տարում՝ ավելի քան 19 տոկոս։ Այդ ընթացքում կառավարությունը հասցրել է ներքին պարտքը մեծացնել եւս 326 մլն դոլարով։


«Փաստ» օրաթերթը գրում է. Գրեթե ամեն օր ՀՀ ՄԻՊ-ը տեղեկացնում է այն ահազանգերի մասին, որոնք ստանում են սահմանամերձ բնակավայրերի բնակիչներից: Խոսքը, մասնավորապես, ՀՀ Սյունիքի մարզի նաև մի շարք բնակավայրերի մասին է, որտեղ ադրբեջանական զինծառայողները բացահայտ սպառնում են բնակիչներին: Վերջին շրջանում քիչ չեն դեպքերը, որոնք փաստում են նաև Գեղարքունիքում առկա սպառնալիքի մասին: Մինչդեռ Հայաստանում հասարակության մի հատվածի մոտ սպառնալիքի ընկալման խնդիր կա, եթե չասենք, որ այդ ընկալումն ի սպառ բացակայում է, օրինակ՝ ուղղակի վտանգից 20 կմ հեռու ապրողի մոտ: Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ նախ անդրադարձանք Ադրբեջանի և այդ երկրի ԶՈւ-երի այսօրվա մարտավարությանը: «Ադրբեջանն իրականում շատ պարզ քաղաքականություն է վարում: Այսինքն, հաղթողի քաղաքականություն է վարում ու փորձում է անել ամեն հնարավորը, որպեսզի թե՛ Գեղարքունիքում և թե՛ Սյունիքում հետագա պատերազմի համար բարվոք դիրքեր ունենա: Այսինքն, Ադրբեջանը պատրաստվում է հետագա պատերազմին ու այս պահի դրությամբ փորձում է այդ պատերազմի համար ձեռք բերել ու ստեղծել իր համար հարմար ու նպաստավոր դիրքեր: Սա է Ադրբեջանի քայլերի տրամաբանությունը: Կարող եմ միանշանակ ասել, որ Ադրբեջանն այս փուլում այդ նպատակով և այդ մտադրությամբ է առաջնորդվում»,-ասաց մեր զրուցակիցը: Անդրադառնալով հայ հասարակության որոշ հատվածների վերոնշյալ ընկալումներին՝ Կարեն Հովհաննիսյանը նկատեց.


«Մեր հասարակությունը բավականին անհասկանալի ու անճանաչելի է դարձել, որովհետև իրականում Հայաստանն այնքան փոքր է, որ, բացառությամբ Երևանի և մի քանի քաղաքների, կարող է աշխատել թշնամու հրետանին: Այսինքն, կապ չունի՝ 20, թե 25 կմ է հեռավորությունը, հրետանին շատ հանգիստ կարող է աշխատել: Մեծ հաշվով՝ չմոռանանք, որ պատերազմի օրերին ԱԹՍ-ները հասան անգամ Երևան: Մենք իսկապես խնդիր ունենք. հասարակության մի մասը, կարծես թե, բաժանում է տարածաշրջաններն ու հարցը ոչ թե պաշտպանողական, ազգային, այլ ավելի շատ քաղաքական դաշտ է տանում: Եվ այդ քաղաքական դաշտում արդեն բևեռացում է սկսում: Եթե որևէ մեկն ասում է, որ Ադրբեջանը վտանգ է ներկայացնում, և իրենք տեսնում են, որ, օրինակ՝ դա հակազդվում է ինչ-որ քաղաքական ուժի խոսքին, իսկույն այդտեղ քաղաքականության միտում են տեսնում: Հետո ինքնաբերաբար սկսում են հակազդել՝ առանց խորանալու և հասկանալու տվյալ խոսքն ու մեսիջը: Ճիշտն ասած՝ կարծում եմ, որ հասարակության վրա շատ լուրջ տեխնոլոգիաներ են կիրառվել. այս արդյունքն ունենալու համար դրսի շատ ուժեր բավականին լուրջ են աշխատել: Խոսքն անտարբերության արդյունքի մասին է, որտեղ թշնամուց բարեկամի կերպար են ստեղծել»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հունվարին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ամփոփեց հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթների արդյունքները: Մայրաքաղաքային սփռման իրավունք ստացած ընկերությունների մեջ էր նաև իշխանությունների հետ ուղղակիորեն ասոցացվող «Ֆրինյուզ» հեռուստաընկերությունը: Երեկ այս կազմակերպությունը հայտարարություն տարածեց, որ հեռարձակվելու են նաև «Յուքոմի» 10-րդ ալիքով: «Ֆրինյուզը» շուտով համագործակցելու է նաև «Ռոստելեկոմի» հետ: «Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում են, որ դեռևս գործող իշխանությունները այս ամենով չեն սահմանափակվում: Նրանք հույս ունեն, որ առաջիկա ընտրությունների արդյունքում վերարտադրվելու են, և նպատակ ունեն դրանից հետո շարունակել տեղեկատվական էքսպանսիան՝ հատկապես տեսալսողական մեդիա դաշտում: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ներկայիս իշխանությունը ծրագրում է նոր ալիքներ հեռարձակել հեռահաղորդակցության օպերատորների և համացանցի միջոցով»: