ԲՀԿ պատգամավորի թեկնածու Արամայիս Ապրոյանը կալանավորվել է կաշառք տալու մեղադրանքով
Դատարանը բավարարել է Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Ա. Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասացին Հատուկ քննչական ծառայությունից։
Հատկանշական է, որ NEWS.am-ի տեղեկություններով՝ կալանավորված անձը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արամայիս Ապրոյանն է։
Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչ Ա. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ նա Գավառի տարածաշրջանի ընտրողներին սննդամթերքի տեսքով կաշառք է տվել նշված կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար:
Ըստ առաջադրված մեղադրանքի` Ա. Ա.-ն, ընդգրկված լինելով կուսակցության պատգամավորի թեկնածուների ցուցակում և համակարգելով Գավառի տարածքային գրասենյակի աշխատանքները, նույն գրասենյակի քարտուղար Ս. Զ.-ի հետ, համաձայն նախապես կազմված ցուցակի, 2021թ. հունիսի 9-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի մի շարք ընտրողների տվել է 7000-ական ՀՀ դրամ արժողությամբ սննդամթերքի տեսքով կաշառք` 2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում էր կայացվել Ա. Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել ընդհանուր իրավասության դատարան: Նախաքննությունը շարունակվում է: