Հայաստանում ստեղծվել է ընտրությունների վերահսկման կոմիտե
Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ստեղծվելու է «Ընտրությունների վերահսկման կոմիտե»՝ արտահերթ ընտրություններում թե՛ նախընտրական ու հետընտրական գործընթացների նկատմամբ պատշաճ հանրային վերահսկողություն իրականացնելու համար։
«Հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններն ունեն բացառիկ կարևորություն ոչ թե մեր Հայրենիքի զարգացման, այլ բուն գոյության տեսանկյունից։ Մեր երկրում երբեք որևէ ընտրական գործընթաց չի հանգել «լինել-չլինելու» երկընտրանքի։ Այս առումով թե՛ բուն ընտրության և թե՛ նախընտրական ու հետընտրական գործընթացների նկատմամբ պատշաճ հանրային վերահսկողությունը ձեռք է բերել հատուկ նշանակություն։ Վերոգրյալը նկատի ունենալով և իշխանությունների նկատմամբ տարբեր ձևաչափերով հանրային վերահսկողության մեր փորձը հաշվի առնելով՝ մենք, հինգ հանրային գործիչներս, որոշել ենք համատեղել մեր ջանքերն ու հիմնել «Ընտրությունների վերահսկման կոմիտե»։
Կոմիտեի ծրագրերի և աշխատանքների վերաբերյալ հունիսի 2-ին ժամը 12։00-ին Opera Suite Hotel-ում հանդես կգանք մամուլի ասուլիսով։ Հասցե՝ Ռաֆայել Լեմկին 1/3, մուտքը՝ Բաղրամյան պողոտայից։
Ռուբեն Մելիքյան, իրավապաշտպան
Նաիրա Զոհրաբյան, ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր
Նարեկ Սամսոնյան, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ
Աղասի Ենոքյան, «Մեդիապաշտպան» նախաձեռնության ղեկավար
Անահիտ Սարգսյան, փաստաբան», - նշել է պատգամավորը։