ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցությունը 2020-ին կազմել է 63,5%. Ջանջուղազյան
2020 թվականի արդյունքներով ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցությունը կազմել է 63,5 տոկոս, բյուջեի դեֆիցիտը՝ մոտ 5 տոկոս: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը։
Ջանջուղազյանը նշել է, որ հարկային մուտքերը կազմել են 1 տրլն 561 մլրդ դրամ, ծախսերը՝ 1 տրլն 895 մլրդ դրամ, այդպիսով դեֆիցիտի չափը գրանցվել է 334 մլրդ դրամի մակարդակում: Պետական պարտքը տարեվերջին կազմել է 7,968 մլրդ ԱՄՆ դոլար։
Նրա խոսքով՝ պետական պարտքի աճը եւ բյուջեի դեֆիցիտը Հայաստանի համար բացառիկ երեւույթ չեն եղել։ «Աշխարհի գրեթե բոլոր երկրներում նման իրավիճակ է եղել», - ընդգծեց Ջանջուղազյանը։ Կորոնավիրուսի և պատերազմի բացասական հետևանքների ազդեցությամբ Հայաստանի տնտեսությունը 7.6% անկում է գրանցել։
Ընդ որում ՀՆԱ–ի նվազումը տեղի է ունեցել տնտեսության բոլոր ոլորտներում՝ ծառայությունների (- 10,1 տոկոս), գյուղատնտեսության (- 4,0 տոկոս), շինարարության (- 6,6 տոկոս) եւ արդյունաբերության (- 1,5 տոկոս) նվազման հաշվին: Սպառման անկումը կազմել է 10,2 տոկոս, հիմնական ֆոնդերում համախառն կուտակումները նվազել են 8,6 տոկոսով, արտահանումը՝ 31,4 տոկոսով, ներմուծումը՝ 32,1 տոկոսով: Ընթացիկ հաշվի դեֆիցիտը ցուցանիշը բարելավվել է ՀՆԱ-ի մինչեւ 3,1 տոկոս՝ ներմուծման ավելի զգալի, քան արտահանման կրճատման պատճառով: