29.03.2024
Վանաձորի 26-ամյա բնակչուհին մորաքրոջ բնակարանից շուրջ 4 մլն դրամ է հափշտակել. ՔԿ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Երևանի թիվ 11 հատուկ դպրոցի երեխաների իրավունքները խախտվում են. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2021 թվականի ապրիլի 13-ին մշտադիտարկման չհայտարարված այց է իրականացրել Երևանի թիվ 11 հատուկ դպրոց:

Այցի ընթացքում արձանագրված խնդիրներից են՝

- դպրոցի տեղեկությունների համաձայն՝ նոր կորոնավիրուսային համավարակի (COVID-19) պայմաններում հեռավար եղանակով ուսուցման ընթացքում դպրոցի 14 երեխաներ դուրս են մնացել կրթությունից (այցի պահին դպրոցում սովորել է 85 երեխա): Ինչպես տեղեկացրել է դպրոցի վարչակազմը, այս խնդրի գլխավոր պատճառը երեխաների համար ինտերնետ կապի հասանելիության և հեռահաղորդակցության միջոցների բացակայությունն է:

Այս մասին դպրոցը 2020 թվականի հունիսին գրավոր տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը և առաջարկել նոր ուսումնական տարում բաց թողնված նյութը լրացնել դպրոցում:
2020 թվականի նոյեմբերին դպրոցը նորից դիմել է նախարարություն՝ առաջարկելով անցնել առկա ուսուցման, քանի որ հեռավար եղանակով ուսուցումը դպրոցի սաների համար արդյունավետ չէ: Մասնավորապես, դպրոցի տեղեկությունների համաձայն՝ հեռավար ուսուցման համալիր heravar.armedu.am կայքէջում հաշվի առնված չեն չափավոր և ծանր մտավոր խնդիրներ ունեցող երեխաների կրթական կարիքները, տեղադրված չեն նրանց համար մատչելի, հասանելի և կարիքներին համապատասխան ուսումնական, ուսումնամեթոդական նյութեր: Առկա ուսուցման անցնելու առաջարկը հիմնավորվել է նաև նրանով, որ երեխաները շուրջօրյա գտնվում են դպրոցում և հանրային տրանսպորտից չեն օգտվում:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տվյալներով՝ Նախարարությունը դպրոցի նշված նամակներին չի պատասխանել:

- դպրոցում աշխատող մասնագետների թիմը, այդ թվում՝ հատուկ մանկավարժները, բավարար չեն երեխաների կրթության իրավունքը պատշաճ երաշխավորելու համար: Այսպես, այցի օրվա դրությամբ դպրոցում սովորող 85 երեխաների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքներն ապահովվել են 1 երաժիշտ-ղեկավարի, 2 հոգեբանի, 1 սոցիալական մանկավարժի, 2 հատուկ մանկավարժի, 1 լոգոպեդի և 1 բուժական ֆիզկուլտուրայի գծով հրահանգչի կողմից: Երեխաների խնամքի կազմակերպման հարցում աջակցում են նաև դայակները:
Դպրոցի անձնակազմի և երեխաների հետ առանձնազրույցները վկայում եմ, որ դպրոցում աշխատող մասնագետները չեն հասցնում պատշաճ կատարել իրենց աշխատանքը:

Լինում են դեպքեր, երբ մեկ դասարանի հետ աշխատող մասնագետն իր դասաժամին ստիպված է լինում օգնել մեկ այլ դասարանում դասավանդող մասնագետին, քանի որ վերջինս չի հասցնում միայնակ ապահովել երեխաների կրթական կարիքները կամ վարել դասը երեխաներ վարքային դրսևորումներով պայմանավորված: Նման դեպքեր են արձանագրվել նաև Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկման ընթացքում:

Պատճառներից մեկն էլ այն է, որ դպրոցի մասնագետների, հատկապես հատուկ մանկավարժների հաստիքները քիչ են, իսկ ուսուցչի օգնականի հաստիք պետության չափորոշիչներով հատուկ դպրոցների համար առհասարակ նախատեսված չէ: Սա համակարգային խնդիր է և բացասական է անդրադառնում երեխաների և աշխատողների իրավունքների երաշխավորման վրա: Մինչդեռ մասնագետների ավելացմամբ է նաև հնարավոր յուրաքանչյուր երեխայի նկատմամբ ցուցաբերել անհատական մոտեցում՝ բացահայտելով նրա զարգացման հնարավորությունները և իրական կարիքները, բարձրացնելով նրա կրթության իրավունքի արդյունավետությունը.

- աշխատողների համար վերապատրաստումներն արդյունավետ չեն դպրոցի և երեխաների իրական կարիքներին բավարարման տեսանկյունից:

Հարցն այն է, որ վերապատրաստումները հիմնականում իրականացվում են հանրակրթական ուսումնական հաստատությունների չափորոշիչների և ծրագրերի հիման վրա, ինչը ոչ միշտ է համապատասխանում հատուկ ուսումնական հաստատությունների կարիքներին: Արդյունքում՝ մասնագետների շատ հարցեր և խնդիրներ լուծում չեն ստանում վերապատրաստումների ընթացքում: Այս մասին են վկայում նաև դպրոցի անձնակազմի հետ առանձնազրույցները և վարչակազմի հետ քննարկումները:

- այցի ընթացքում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն ընտրանքային մեթոդով իրականացրել են դասալսումներ, առանձնազրույցներ երեխաների և դպրոցում աշխատող մասնագետների հետ, ուսումնասիրել են դասապլանների օրինակներ, երեխաների անհատական ուսումնական պլանները, անձնական գործերն ու մանկավարժահոգեբանական եզրակացությունները, կրթական նյութերը:

Այս ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ դիտարկված ոչ բոլոր երեխաների բժշկահոգեբանամանկավարժական գնահատումն է համապատասխանում նրանց կրթական իրական կարիքների և զարգացման հնարավորություններին:

Արձանագրվել են դեպքեր, երբ հատկապես ծանր մտավոր խնդիրներ ունեցող երեխաները ներգրավված չեն եղել դասապրոցեսին: Դեպքեր կան, երբ կոնկրետ երեխաների զարգացման հնարավորություններն ակնհայտորեն արդյունավետ չեն օգտագործվում, իսկ առաջարկվող վարժություններն ինքնանպատակ են, պարզապես զբաղեցնելու բնույթ ունեն:

Օրինակ՝ զարգացման թույլ աստիճանի խնդիրներ ունեցող երեխայի տառաճանաչությունը, ըստ փաստաթղթային արձանագրումների, սահմանափակվում է 12 տառի իմացությամբ:

Մինչդեռ, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների, այդ թվում՝ հոգեբան փորձագետի դիտարկմամբ նույն երեխան ակնհայտորեն ավելի մեծ ունակություններ և կարողություններ է ունեցել: Այսինքն՝ դիտարկված դեպքերում երեխաների կրթության իրավունքն արդյունավետ ապահովված չէ: Այս դեպքում առանձին երեխաների կրթական կարիքները պետք է վերագնահատվեն, որպեսզի առավել թիրախային և իրական կարիքներին համապատասխան ապահովի նրանց կրթության իրավունքը.

- արձանագրվել են դեպքեր, երբ երեխաները դպրոց են հաճախում հիմնականում իրենց ընտանիքների սոցիալական վիճակի պատճառով և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետների գնահատմամբ՝ չունեն տվյալ դպրոցում սովորելու կրթական կարիք: Այսինքն՝ լինում են դեպքեր, երբ ընտանիքը, գտնվելով կյանքի դժվարին իրավիճակում և չկարողանալով հոգալ երեխայի կենսական նվազագույն կարիքները, նրա խնամքը կազմակերպելու նկատառումով կրթության իրացման համար ընտրում է հատուկ դպրոց: Այս մասին են վկայում նաև երեխաների և դպրոցի անձնակազմի հետ առանձնազրույցները: Մինչդեռ պետությունը պետք է ապահովի երեխաների կրթական կարիքների իրական և արդյունավետ գնահատումը, ինչպես նաև ներդնի ընտանիքների սոցիալական կայունությունը խթանող ծրագրեր, որպեսզի բացառի սոցիալական դրդապատճառներով հատուկ դպրոցում սովորելու դեպքերը.

- այցի պահին արձանագրվել են, որ առկա են ժամկետանց դեղեր («Նո-Շպա» հիդրոքլորիդ 40 մգ՝ պիտանիության ժամկետը՝ մինչև 2021թ. մարտ, «Մետոկլոպրամիդ» լուծույթ 2 մլ՝ պիտանիության ժամկետը՝ մինչև 2020թ. դեկտեմբեր): Թեև, բուժանձնակազմի հավաստմամբ՝ դրանք չեն օգտագործվում, սակայն անթույլատրելի է առհասարակ ժամկետանց դեղերի առկայությունը, առավել ևս երբ դրանք պահվում են պիտանելիության ժամկետի մեջ գտնվող դեղերի հետ՝ բաց դարակներում.

- դեղորայքը, այդ թվում՝ հոգեմետ, երեխաներին է տրամադրվում նրանց ծնողների բանավոր տեղեկության հիման վրա՝ առանց դեղատոմսի: Այս պրակտիկան պետք է բացառվի:
Պետք է միշտ հավաստել, թե երեխային ինչ դեղեր, ում ցուցումով և նշանակումով են դրանք տրամադրվել, ինչպես նաև ծնողից պահանջել դեղատոմսը, երբ դա պարտադիր է.

- բուժանձնակազմի պնդմամբ՝ կատարվում է տարեկան սեզոնային գրիպի դեմ պատվաստում, որի մասին նախորոք տեղեկացնում են երեխաների ծնողներին և ստանում են նրանց բանավոր համաձայնություն:
Նշվածը որևէ կերպ գրավոր արձանագրվում չի ստանում: Ստացվում է, որ հնարավոր չէ ստուգել արդյոք երաշխավորվում է պատվաստման կամավորությունը և իրազեկված համաձայնությունը այն դեպքերում, երբ հնարավոր չէ կապ հաստատել ծնողների հետ: Մինչդեռ սեզոնային գրիպի դեմ պատվաստումները ռիսկի խմբերի շրջանում կազմակերպվում և իրականացվում են կամավոր սկզբունքով:
Նշվածն անթույլատրելի պրակտիկա է պատվաստման գործընթացի արդյունավետ վերահսկման տեսանկյունից: Սա պետք է սկզբունքորեն բացառել հատկապես այն պատճառով, որ ոչ միշտ են երեխաների օրինական ներկայացուցիչները ներկա լինում.

- ինչպես պահեստում պահվող, այնպես էլ այցի օրվա դրությամբ օգտագործված ատամի մածուկները ժամկետանց են եղել.

- պահեստում ապահովված չէ սանիտարահիգիենիկ բավարար վիճակ: Օրինակ՝ բաց վիճակում պահվող նպարեղենի և մկնդեղի միջև շատ փոքր հեռավորություն կար: Նշվածը խնդրահարույց է այն առումով, որ հնարավոր են դեպքեր, երբ վտանգավոր թունավոր նյութն անզգուշորեն հայտնվի սննդի պարկերում: Այցի պահին շաքարավազի պարկում եղել է կարմրավուն հատիկանման զանգված, որն արտաքուստ նման է եղել հատակին լցված մկնդեղին: Սա արձանագրվել է Պաշտպանի ներկայացուցիչների կողմից և տեղում՝ հեռացվել.

- անկողնային պարագաները և անձնական հագուստի մի մասը, այդ թվում՝ ներքնազգեստն անհատականացված չէ: Ավելին, ըստ աշխատողների՝ նույն հագուստը լվանալուց հետո կարող են կրել տարբեր երեխաներ: Սա անթույլատրելի է ոչ միայն սանիտարահիգիենիկ վիճակի, այլ նաև երեխայի արժանապատվության և մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի տեսանկյունից.

- կարագը և միսը դրված է եղել բաց վիճակում՝ առանց փաթեթավորման: Այս դեպքում պահպանված չի եղել սննդի պահման պահանջվող պայմանները:


- պահպանված չէ ամենօրյա ճաշացանկում կաթնամթերքի և ձկան տրամադրման հաճախականությունը,

- դպրոցի աշխատակիցների վարձատրությունը չի համապատասխանում նրանց կողմից իրականացվող և պահանջվող աշխատանքի ծավալներին:

Նշված խնդիրների մի մասն իրենց բնույթով համակարգային են, որոնց լուծման նպատակով պետությունը պարտավոր է ձեռնարկել հրատապ և արդյունավետ քայլեր, որոնք իրապես կերաշխավորեն երեխաների իրավունքները, այդ թվում՝ կրթության իրավունքի լիարժեք իրացումը: Առկա խնդիրները, այդ թվում՝ կրթական անհրաժեշտ դիտակտիկ նյութերի ապահովումը հիմնականում լուծվում են դպրոցի աշխատակիցների բարեխղճությամբ:

Մշտադիտարկման արդյունքներն ամփոփման փուլում են և արձանագրված խնդիրները լուծումների առաջարկներով կուղարկվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և դպրոցի տնօրենին

Միջազգային գործընկերները հասկացել են, որ Հայաստանը պարտված չէ, Արցախը պարտված չէ. Այվազյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար