15.12.2024
Վահագն Չախալյանին արգելվել է մասնակցել արտահերթ ընտրություններին
prev Նախորդ նորություն

ԱԱԾ-ն բացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգության դեպք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցները, հետևողականորեն շարունակելով հանցավորության դեմ պայքարի՝ իրենց գործառույթի իրականացման ուղղությամբ տարվող միջոցառումները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և իրացնելու կասկածանքով 2021 թվականի մայիսի 27-ին Երևան քաղաքի Արարատյան փողոցում գտնվող «Ապավեն» մաքսային տերմինալի մոտակայքից Ազգային անվտանգության ծառայություն են բերման ենթարկել ԻԻՀ քաղաքացի, «ԴԱՖ» մակնիշի բեռնատարի վարորդ Ս.Ա-ին, ինչպես նաև «Մերսեդես G55» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Մ-ին և ուղևոր Ռ.Ղ-ին:


Դեպքի վայրի զննությամբ «Մերսեդես G55» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել և վերցվել է ավտոամբարձիչի մեջ թաքցված ձևով ապօրինի պահվող առաձնապես խոշոր չափերի՝ շուրջ 995 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց, որը մաքսանենգ ճանապարհով ապօրինի տեղափոխվել է ՀՀ բեռնատարի վարորդ Ս. Ա-ի կողմից:


Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգության և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և փոխադրելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով հիշյալ անձինք ձերբակալվել են, հայտնաբերված զանգվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Առաջադրվել է մեղադրանք, և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:


Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք թմրամիջոցների ապօրինի ներմուծման սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ: