ԽՍՀՄ անկումից 30 տարի անց թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում պետականության ճգնաժամ է և այդ իմաստով Հայաստանում այսօր ընթացող գործընթացները նման են ռուսաստանյան զարգացումներին: Այս մասին "Հանուն սոցիալական արդարության" կուսակցության և «Ժողովրդի ձայն» փորձագիտական ակումբի կազմակերպած քննարկմանը հայտարարեց ռուս քաղաքագետ, ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը:
Նրա խոսքով, առկա մարտահրավերները սպառնում են հայկական պետականությանը թե՛ նոր պատերազմի, թե՛ քաղաքական երկարատև անկայունությամբ: Ըստ նրա, Հայաստանում ընթացող գործընթացները պետք է ամբողջական դիտարկել, գալով տարիների խորքից և ոչ թե միայն կենտրոնանալ հարցի վրա, թե ո՞վ կհաղթի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններում:
«Այսօր թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում հասարակությունները երկփեղկված են, մարդիկ տարբեր կարծիքներ ունեն. դա նորմալ է, բայց եկել է ընտրություն կատարելու ժամանակը: Կարևոր է գիտակցել, որ պատերազմ է ընթանում մշակութային և լրատվական դաշտում, պատերազմ է նաև ավանդական արժենքերը ոտնահարելու և կործանելու իմաստով: Երբ 30 տարի առաջ ԽՍՀՄ-ը փլուզվեց, հայ հասարակությունը միակամ էր` անկախության կողմնակից էր, իսկ այժմ Հայաստանի ապագայի վերաբերյալ մոտեցումները տարբեր են: Իսկ հստակ է մեկ բան, որ Հայաստանի ապագան մշուշոտ է»,- ասաց նա:
Լեպեխինը նշեց, որ եթե օբյեկտիվ գնահատենք Հայաստանում ստեղծված իրավիճակը, ապա ներքաղաքական և արտաքին քաղաքական առումներով այն փակուղային է: Դրան գումարած, նորից գլուխ է բարձրացրել թշնամին, որը կանգ չի առնելու ոչնչի առջև և շարունակելու է էքսպանսիան հայկական տարածքների նկատմամբ:
«Ադրբեջանի դիրքերն այդ իմաստով ավելի բարենպաստ են, քանի որ իր բնակչության թվաքանակը մեծանում է, մինչդեռ Հայաստանի բնակչությունը, տարբեր պատճառներով, գնալով կրճատվում է, ինչը չի կարող իր ազդեցությունը չունենալ ապագայի վրա»,- հավելեց նա: