24.11.2024
ԵՄ արտաքին գործերի նախարարները կայցելեն Հարավային Կովկասի երեք երկրներ
prev Նախորդ նորություն

Բելգիայի խորհրդարանն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին

Բելգիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է բանաձև, որով Ադրբեջանին կոչ է անում «անհապաղ ազատել մնացած բոլոր հայ գերիներին, այդ թվում` քաղաքացիական անձանց, 2020 թ․ նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հռչակագրի 8-րդ հոդվածի, ինչպես նաև Ժնևի կոնվենցիայի համաձայն»: Այս մասին հայտնել են Բելգիայի հայերի կոմիտեից, գրում է «Արմենպրես»-ը:


Խորհրդարանը խստորեն դատապարտել է նաև գերիների խոշտանգման վերաբեյալ առկա բազմաթիվ հաղորդագրությունները:


Խորհրդարանը կոչ է արել դաշնային կառավարությանը «համապատասխան միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից մնացած բոլոր հայ գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակմանն և անվտանգ վերադարձին աջակցելու համար»:


«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի տրամադրած տվյալների համաձայն, 188 ռազմագերիներ դեռևս գտնվում են Ադրբեջանում: Նոյեմբերի 9-ին կնքված զինադադարի համաձայնագիրը նախատեսում էր գերիների անհապաղ և լիարժեք փոխանակում: Սակայն Ադրբեջանը չի ազատել իր գերիներին, և մարտերի ավարտին հաջորդող օրերին ձերբակալել է նաև այլ հայ զինվորների և խաղաղ բնակիչների: Հայաստանն իր հերթին, մարտերն ավարտվելուն պես, ազատ է արձակել բոլոր ռազմագերիներին:


Ի հավելումն այս ամենին, մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ադրբեջանական ուժերը հինգշաբթի ՝ մայիսի 28-ին, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ձերբակալել են 6 նոր հայ զինծառայողների: Այս ձերբակալությունը հաջորդում է սահմանի մի քանի կետերում վերջին շրջանում հայկական տարածք շարունակական ներխուժումներին։


Այս միջադեպերը Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ վարվող լարվածության ռազմավարության մի մասն են կազմում:


Բելգիայի հայկական կոմիտեն կոչ է անում կառավարությանը հետևել խորհրդարանի խնդրանքին և միջամտել բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատ արձակմանը»,- ասված է հաղորդագրության մեջ: