Ձեռներեցության ամերիկյան ինստիտուտի գիտաշխատող Մայքլ Ռուբինը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հրաժարումը «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման երկարաձգումից, որը վերջին տարիներին արգելափակել է Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելը: Այս մասին հայտնում է EADaily-ն։
Փորձագետի խոսքով, այն դեպքում, երբ նախկինում Սպիտակ տունը և Պետդեպարտամենտը կարող էին պնդել, որ Ադրբեջանը հետևել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման դիվանագիտական ջանքերին, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Ֆրանսիան, եւ որպես ամերիկյան դաշնակից հանդես է եկել միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, փաստերը հերքել են նման եզրահանգումը անցյալ եւ այս տարի:
«Նավթով հարուստ բռնապետության անսպասելի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա և «շփումը» Սիրիայի բնակիչների հետ (2020թ. պատերազմի ժամանակ Թուրքիայից Սիրիա տեղափոխված գրոհայիններ Արցախում), որոնք «Ալ-Քաիդայի» և «Իսլամական պետության» հետ կապված խմբավորումների վետերաններ էին, խախտել են Բաքվի ստանձնած պարտավորությունները։ Իսկ 907-րդ ուղղման պահանջներից Բլինկենի հրաժարվելը դարձել է ԱՄՆ օրենքի խախտում, եւ Կոնգրեսը պետք է ուղղի դա, եթե և Կոնգրեսը, և ԱՄՆ-ի քաղաքականությունը տարածաշրջանում ընդհանուր առմամբ ցանկանում են իրենց նկատմամբ պահպանել վստահությունը», - նշում է Ռուբինը:
Այն բանից հետո, երբ Բլինկենը հասկացրեց, որ Ադրբեջանը չի բախվի Լեռնային Ղարաբաղի դեմ իր ագրեսիայի հետևանքներին և իսկապես կստանա ֆինանսական պարգև, Իլհամ Ալիեւը հանգելու է այն եզրակացության, որ նա կարող է առաջ տանել իր ծրագրերը:
2021 թվականի մայիսի 12-ին ադրբեջանական զորքերը Հայաստանի խորքը մտան ավելի քան երեք կիլոմետր։ Նրանց դուրսբերման շուրջ համաձայնության հասնելու հետագա փորձերը հաջողությամբ չեն պսակվել։ Այս շաբաթ, շարունակում է իր վերլուծությունը Մայքլ Ռուբինը, իրավիճակը զգալիորեն սրվել է, երբ ադրբեջանական ուժերը կրակ են բացել հայկական զորքերի վրա սահմանի հայկական կողմում՝ սպանելով հարևան երկրի մեկ զինվորականի։ Այնուհետև ադրբեջանցիները գերեվարել են վեց հայ զինվոր։
«Պետդեպարտամենտում ագրեսորների եւ զոհերի միջեւ հավասարությունը ճանաչելու միտում կա։ Բլինկենի թիմը, ակնհայտորեն, Հայոց ցեղասպանության ճանաչումը դիտարկում էր ոչ թե որպես պատմական սխալի ուղղում և բարոյական պատասխանատվության ընդունում, այլ ավելի շուտ որպես Հայաստանի զիջում... փոխանակ Մինսկի խմբի դիվանագիտությանը խթան հաղորդի ղարաբաղյան հակամարտության կարգավորման, համակեցության խրախուսման, մշակույթի պահպանման և Հայաստանի ադրբեջանական ու թուրքական շրջափակումը դադարեցնելու համար, Բլինկենը հասկացրեց Ալիևին, որ նա կարող է բառիս բուն իմաստով ամեն ինչ անել», - կարծում են ամերիկացի քաղաքագետը:
Նրա կարծիքով՝ Պետդեպարտամենտի ղեկավարը կրկնում է սխալը, որը կատարել է Իրաքում ԱՄՆ նախկին դեսպան Էյփրիլ Գլասպին՝ կանաչ լույս հաղորդելով Սադամ Հուսեյնի 1990 թվականին Քուվեյթ ներխուժմանը, եւ Ջեյմս Ջեֆրին՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի հատուկ դեսպանորդը եւ Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպանը, երբ վերջինս մեկ այլ կանաչ լույս է տվել՝ Սիրիայի քրդաբնակ շրջաններում թուրքական ներխուժման և էթնիկ զտումների համար:
«Բլինկենը կարող է իրեն խաղաղարար համարել, բայց ամերիկյան քաղաքականության բարոյական արժեքների հանդեպ նրա արհամարհանքը, առնվազն Հարավային Կովկասում, հակառակ ազդեցությունն ունի»,- եզրափակում է Ռուբինը։