23.11.2024
ՀՀ և Ավստրիայի ԱԳ նախարարները քննարկել են Ադրբեջանի ԶՈՒ ներթափանցմամբ ստեղծված իրավիճակը
prev Նախորդ նորություն

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր հետաձգեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը մինչև հունիսի 15-ը։

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրել է, որ մայիսի 24-ից մինչև հունիսի 9-ը ներառյալ գտնվելու է արձակուրդում և միջնորդել է հետաձգել այսօրվա դատական նիստը։ Բացի այդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը նույնպես տեղեկացրել է իր արձակուրդ մեկնելու մասին։ Դատավորը նշեց, որ Վարդևանյանի արձակուրդ մեկնելը խնդիր չի առաջացնելու, քանի որ Ռ․ Քոչարյանն ունի նաև այլ պաշտպաններ։

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը առարկեց, նշելով, որ պաշտպանների արձակուրդ մեկնելու մասին նրանք տեղեկանում են հենց դատական նիստի օրը։ Ի պատասխան սրան, Վարդևանյանը հայտարարեց, որ արձակուրդից օգտվելու իրավունք ունեն բոլորը և դրա մեջ որևէ արտառոց բան չկա։ Ժամանակին դատավոր Աննա Դանիբեկյանը նույնպես մեկնել է արձակուրդ։

Հաշվի առնելով, որ Էրիկ Ալեքսանյանի բացակայությամբ դատական նիստը չի կարող տեղի ունենալ, այսօրվա նիստը հետաձգվեց և նշանակվեց հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին։