23.11.2024
Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց
prev Նախորդ նորություն

Հարությունյանն ու Մուրադովը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը

Մայիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախում խաղաղապահ առաքելության ընթացքը։ Ռուստամ Մուրադովը ներկայացրել է գործողությունները, որոնք ձեռնարկվում են ռուսական զորախմբի կողմից՝ հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ։


Զրուցակիցները մանրամասն քննարկել են նաև ադրբեջանական սադրանքի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը և հայկական կողմի ձեռնարկած գործողությունները։ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ բացարձակ անթույլատրելի է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ որևէ ոտնձգություն, և որ այս հարցում պաշտպանության նախարարության դիրքորոշումը հստակ է. ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները պարտավոր են առանց նախապայմանների վերադառնալ իրենց ելման դիրքեր։


Վաղարշակ Հարությունյանն ու Ռուստամ Մուրադովը քննարկել են իրադրության հանգուցալուծման հնարավոր տարբերակները։


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ մամուլում տեղեկություններ կային, որ Մուրադովը Վաղարշակ Հարությունյանին է ներկայացրել Ադրբեջանի պահանջները: Նա մայիսի 24-ին եղել է Բաքվում, այնտեղ բանակցել է ադրբեջանական կողմի հետ, լսել է նրանց պահանջները և այժմ Երևանում դրանք ներկայացնելու է ՀՀ ՊՆ ղեկավարությանը՝ սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծման համար: Ըստ աղբյուրի՝ հայկական կողմը համաձայնել է զիջումների գնալ: