VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ՀՅԴ խորհուրդը, որի մասին խոսվում էր կոալիցիոն հուշագրից հետո, արդեն ձեւավորվել է եւ մոտ 20 օր առաջ անցկացրել է առաջին նիստը: «Մենք նիստն արել ենք, որտեղ նախանշել ենք մեր հետագա աշխատանքային գրաֆիկը»,- ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար
Արմեն Ռուստամյանը։ Խորհրդի կազմում 4-ական ներկայացուցիչ է ընդգրկված։ ՀՅԴ-ն առաջարկել է, որ խորհուրդը նախագահի
Սերժ Սարգսյանը։ «Ճիշտ է, նա ՀՀԿ նախագահն է, բայց մենք կարծում ենք, որ ավելի արդյունավետ գործելու համար ճիշտ կլինի, որ նա նախագահի»։ Ըստ Ռուստամյանի՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՀՀԿ-ՀՅԴ համաձայնագիրը վերածվի գործողությունների, որպեսզի պարզ ու հստակ լինի, թե ինչ ուղղությամբ են գնում այն իրագործելու համար: 2 կուսակցությունների քաղաքական խորհուրդը նիստեր կգումարի ամիսը մեկ անգամ»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Որքան էլ Քաղավիացիայի գլխավոր վարչությունից հերքեն նախօրեին տպագրված մեր լուրը, 12 տարվա պետ
Արտյոմ Մովսեսյանի պաշտոնանկության հարցը վճռված է։ Ամենայն հավանականությամբ, մոտ օրերս կհայտարարվի այդ մասին։ Նոր պետը, հավանաբար, կլինի Էկոնոմիկայի փոխնախարար
Սերգեյ Ավետիսյանը, որն ավիացիոն ոլորտն էր կուրացիա անում։ Շաբաթ օրը մենք գրել էինք, որ Մովսեսյանը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի մեջ՝ գերմանական «Լյուֆթհանզա» ավիաընկերության առաջ, ՀՀ օդային տարածքում լիցենզիա տալու համար, ՔԱԳՎ-ում խոչընդոտներ են ստեղծել՝ կաշառք են պահանջել, և լուրերը հասել են Բադրամյան 26»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «
Սերժ Սարգսյանի՝ երեկ ստորագրած հրամանագրով
Արմեն Գեւորգյանը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Հիշեցնենք, որ այդ պաշտոնը թափուր էր 2014 թվականի ապրիլի 30-ից, երբ ՕԵԿ նախագահ
Արթուր Բաղդասարյանը որոշեց հրաժեշտ տալ իր պաշտոնին, որպեսզի ազատ կարողանա ընդդիմադիր կեցվածք ընդունել: Սերժ Սարգսյանի այս մի նշանակումը եւս կարելի է որակել իբրեւ իշխանության երիտթեւի օգտին արված քայլ: Իշխանության երիտթեւի ստվերային ղեկավար ընդունված է համարել Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի դեսպան
Միքայել Մինասյանին: Արմեն Գեւորգյանը 2008-ից մինչեւ 2014 թվականը զբաղեցնում էր ՀՀ տարածքային կառավարման նախարարի եւ փոխվարչապետի պաշտոնը: Նույնիսկ նրա պաշտոնանկությունից հետո լուրեր տարածվեցին այն մասին, որ Արմեն Գեւորգյանը համարվում է իշխանության երիտթեւի վարչապետի ամենահավանական թեկնածուներից մեկը: Վերջին մեկուկես տարվա ընթացքում այս լուրերը մի տեսակ մոռացության էին մատնվել, սակայն ներկա իրավիճակում դրանք փաստացի սկսում են իրականություն դառնալ»:
«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ մանրածախ առևտրաշրջանառությունը մանր օբյեկտներից ու կրպակներից տեղափոխվում է մեծ խանութներ ու սուպերմարկետներ։ Այսպես, ՀՀ ԱՎԾ 2016թ. հունվար-ապրիլին մանրածախ առևտրաշրջանառության ծավալը (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ) կրճատվել է 4.6%-ով և կազմել 341.4 մլրդ դրամ։ Կրպակների միջոցով իրականացվող առևտրաշրջանառության ծավալը նվազել է 4.1%-ով և կազմել 8.8 մլրդ դրամ։ Իսկ խանութների միջոցով իրականացված առևտրաշրջանառության ծավալը տարվա առաջին 4 ամիսներին աճել է 1.7%-ով և հասել 258.5 մլրդ դրամի։ Համեմատության համար նշենք, որ 2006 թվականի հունվար-ապրիլին խանութների տեսակարար կշիռը 49.4% էր, իսկ կրպակներինը 4%։ Դրանից 5 տարի անց 2011 թվականի հունվար-ապրիլին, խանութների առևտրաշրջանառության տեսակարար կշիռը հասավ 67%-ի, իսկ կրպակներինը նվազեց մինչև 4%։ Այսինքն, վերջին տարիներին տեղի է ունեցել մանրածախ առևտրաշրջանառության կենտրոնացում, որը շարունակվում է նաև այժմ»:
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Սամվել Բաբայանի արցախյան «առաքելությանը» հեչ հաջող չսկսվեց։ Համակիրները մեծ շուքով դիմավորեցին նրան, ապա երթով շարժվեցին դեպի նախագահական ու պահանջեցին, որ
Բակո Սահակյանն անմիջապես նրան նշանակի ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, իսկ հաջորդ առավոտյան այդ ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ ԼՂՀ Աժ պատգամավոր
Հայկ Խանումյանը, դաժան ծեծի ենթարկվեց։ Մի խոսքով՝ «համախմբման տոնի» փոխարեն ավելորդ լարվածություն առաջացավ։ Անկեղծ ասած՝ այս ամենը վատ բեմադրված ֆարս է հիշեցնում, որտեղ ակնհայտորեն ինչ-որ բան այն չէ, եւ կեղծիքն ու արհեստականությունն աչք են ծակում։ Առաջին անհեթեթությանն այն է, որ ժողովրդավարության ու մարդու իրավունքների համար պայքարող, առաջադեմ քաղաքական ուժի համարում ունեցող «Շարժում 88»-ը պահանջում է պաշտպանության նախարար նշանակել մի մարդու, ում նախկին գործունեությանը, մեղմ ասած, առանձնապես չի ասոցացվում ոչ ժողովրդավարության, ոչ մարդու իրավունքների պաշտպանության հետ։ Նույն հաջողությամբ Երեւանում կարող էին պահանջել, օրինակ, որ գեներալ Մանվելը նշանակվի համալսարանի ռեկտոր, իսկ Շմայսը՝ բանասիրականի դեկան։
Երկրորդ անհեթեթությունը բուն պահանջն է՝ Սամվել Բաբայանին նշանակել նախարար։ Ուշադրություն դարձրեք՝ ԼՂՀ նախագահ դառնալ նա չի կարող (վերջին տասը տարիներին մշտապես չի բնակվել ԼՂՀ-ում), բայց ասում են՝ ժամանակին, երբ պաշտպանության նախարար էր, փաստացի ինքն էր ղեկավարում Ղարաբաղը ու մեկ-մեկ էլ նախագահին չափալախ-բան էր տալիս (հետաքրքիր է՝ Ռոբերտ Քոչարյանին հասե՞լ են այդ լուրերը)։ Հիմա, փաստորեն, նրա կողմնակիցները պահանջում են վերադառնալ այդ նույն «կառավարման համակարգին»։ Հակառակ դեպքում Սամվել Բաբայանը միտինգում ելույթ ունենալու փոխարեն դիմում կգրեր Բակո Սահակյանին՝ «Խնդրում եմ ինձ ընդունել աշխատանքի որպես ԼՂՀ ՊԲ հրամանատար՝ հաստիքացուցակով նախատեսված աշխատավարձով»։