ՀԱՊԿ-ում ուշադրությամբ հետևում են Սյունիքի մարզում իրավիճակի զարգացմանը. Զաս
ՀԱՊԿ-ում ուշադիր հետեւում են Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը։
Այս մասին այսօր Դուշանբեում կայացած ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքներով լրագրողներին հայտարարել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն՝ վկայակոչելով կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովին։
Ստանիսլավ Զասը հայտնել է, որ նեղ կազմով նիստում մանրամասն քննարկվել են միջազգային եւ տարածաշրջանային իրադրության զարգացման վիճակն ու հեռանկարները եւ դրա ազդեցությունը ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության վրա:
«ՀԱՊԿ-ում ուշադրությամբ հետեւում են Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը։ Դա նույնպես քննարկման թեմա է դարձել ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի այսօրվա նիստում», - ասել է նա։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ն ողջունում է «Ռուսաստանի միջնորդությամբ հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ սկսված բանակցությունները եւ տարածքի վիճելի հատվածներից ստորաբաժանումների մի մասը հետ քաշելու պայմանավորվածության ձեռքբերումը»:
Նշվում է նաեւ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարման այլընտրանքի բացակայությունը:
Մինչդեռ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ չնայած նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը, ադրբեջանական կողմն այսօր՝ մայիսի 19-ին, չի ներկայացել բանակցությունների: