Գագիկ Բեգլարյանն ազատ է արձակվել 50 մլն դրամ գրավի դիմաց
Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, որը մայիսի 17-ին կալանավորվել է, այսօր՝ մայիսի 18-ին, 50 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում են Հայաստանի դատախազությունից։
«Պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով գույք վատնելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, ծանր հետևանքներ առաջացնելու համար հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող, հետախուզման մեջ գտնվող Գագիկ Բեգլարյանը մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանել է ՀՀ, ինքնակամ ներկայացել քրեական վարույթն իրականացնող մարմին, բացի այդ ՀՀ դատախազության դեպոզիտ է մուծվել առաջադրված մեղադրանքի համաձայն՝ պետության պատճառված վնասին համարժեք գումար: Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրյալ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը 50.000.000 (հիսուն միլիոն) ՀՀ դրամի չափով գրավով փոխելու մասին»,- տեղեկացրեցին դատախազությունից։
Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է հետախուզման մեջ գտնվող կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը։ Նրան տեղափոխել էին Ազգային անվտանգության ծառայություն։
Բեգլարյանը 2020 թ. մարտի 23-ից ոստիկանության կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) և 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածների մեղադրանքով։