«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի Արմեն Գևորգյանը
ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբը կղեկավարի Արմեն Գևորգյանը: Նա կհամակարգի նախընտրական շտաբերի գործունեությունը, նախընտրական կազմակերպչական և այլ գործընթացներ:
«Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցչի գործառույթները կիրականացնի Արամ Վարդևանյանը: Նա դաշինքը կներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, պետական այլ մարմիններում, ինչպես նաև հանդես կգա «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական հայտարարություններով և մեկնաբանություններով:
Զանգվածային լրատվամիջոցների հետ աշխատանքը կհամակարգի մամուլի ծառայությունը. հեռախոս՝ 012 84 84 84:
Խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերն այս օրերին զբաղված են նախընտրական շտաբների կազմավորման աշխատանքներով։
Գևորգյանն արդեն իրականացնում է կենտրոնական շտաբի ղեկավարի գործառույթները։ «Ուզում եմ առիթից օգտվելով տեղեկացնել, որ «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցչի գործառույթներն իրականացնելու է պարոն Արամ Վարդևանյանը, և արդեն երկու-երեք օրից բոլոր նրանք, ովքեր հարցեր կունենան շտաբի, Դաշինքի գործունեության վերաբերյալ, կկարողանան իրենց հարցերը ուղղել թե՛ «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցչին, թե՛ մամուլի ծառայությանը», - ասված է հաղորդագրության մեջ։