Հայաստանի իշխանությունները ոչ միայն ի զորու չեն եղել կանխել մեր տարածքների զավթումը թշնամու կողմից, այլև մինչ այս պահը չեն կարողացել մեր տարածքներն ազատել ադրբեջանական զինուժից: Հայտարարել է Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը՝ հիշեցնելով, որ արդեն մի քանի օր է՝ Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են օկուպացված պահել ռազմավարական նշանակության տարածքներ ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում:
Շարժումը նաև բանակին կոչ է արել պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը․ «Միջազգային փորձը ցույց է տալիս, որ փոքր ընդհարումներից խուսափելու նպատակով զիջումների քաղաքականությունն ամենակարճ ճանապարհն է դեպի լայնածավալ պատերազմ (հիշենք 1938 թ. Մյունխենի համաձայնագիրը)»։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․
«Այս ամենը 2020 թ. նոյեմբերի 10-ի կապիտուլյացիայի շարունակությունն է:
Կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից և դրա իրագործումն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո Հայաստանի իշխանությունները, խախտելով մեզ համար անընդունելի նույնիսկ այդ փաստաթուղթը, շարունակեցին զիջել նոր տարածքներ:
Դուրս հանելով ՀՀ Զինված ուժերը Զանգելանից և Որոտանից (Կուբաթլու)՝ Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի հետ սկսեցին սահմանները գծել GPS-ով՝ ի վնաս մեզ: Հետագայում պարզվեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կան ստորագրված նաև գաղտնի փաստաթղթեր, որոնցից մեկը պատահաբար բացահայտվեց 2020 թ. դեկտեմբերին: Այժմ, ըստ հավաստի տեղեկությունների, կան այլ փաստաթղթեր ևս՝ ստորագրված 2021 թ. հունվարի 11-ին:
Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը, առանց հայկական կողմից որևէ դիմադրության, խախտելով նույնիսկ GPS-ով ապօրինի գծած սահմանները, ներխուժում և գրավում են ՀՀ ռազմավարական նշանակություն ունեցող նոր տարածքներ: Եվ ո՛չ մի համարժեք պատասխան Հայաստանի իշխանությունների կողմից:
Նիկոլ Փաշինյանի դրդապատճառները՝ հանցավոր ձևով շարունակելու կապիտուլյացիան, ոչ մի տրամաբանական բացատրություն չունեն, ինչպես բացատրելի չէ ՀՀ նախագահի վարքագիծը, որն ի պաշտոնե մեր պետության գլուխն է և մեր երկրի շահերի պաշտպանն ու երաշխավորը:
Մեր տարածք ներխուժած թշնամուն համարժեք պատասխան չտալը իշխանությունների կողմից բացատրվում է նրանով, որ դա կարող էր դառնալ նոր լայնածավալ պատերազմի բռնկման պատճառ: Սակայն մեր բանակը պարտավոր է կատարել իր ուղիղ պարտականությունը՝ պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ փոքր ընդհարումներից խուսափելու նպատակով զիջումների քաղաքականությունն ամենակարճ ճանապարհն է դեպի լայնածավալ պատերազմ (հիշենք 1938 թ. Մյունխենի համաձայնագիրը):
Բանակն ունի պարտականություններ՝ ենթարկվել իշխանության հրամաններին և պաշտպանել երկիրը: Սակայն այս երկու պարտականությունների միջև հակասության դեպքում պարտավոր է ընտրել հայրենիքի պաշտպանությունը, ինչը չանելու դեպքում մեղավորները վաղ թե ուշ ենթարկվելու են պատասխանատվության:
Եթե բանակն իր վրա չվերցնի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը թշնամու ոտնձգություններից պաշտպանելու իր պարտականությունը, ապա մենք պարտավոր ենք նախաձեռնել աշխարհազորայինների հավաքագրման գործընթաց, որպեսզի ժողովուրդն իր վրա վերցնի երկրի պաշտպանության գործը»,- ասված է հաղորդագրության մեջ: