Ռուսական 102-րդ ռազմաբազայի ուժերը տեղափոխվում են Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր
Ռուսական 102-րդ ռազմաբազայի ուժերը ներկայումս տեղափոխվում են Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, ուր «սահմանների հստակեցման» պատրվակով ներխուժել են ադրբեջանական ռազմական ստորաբաժանումներ։ Այս մասին տեղեկությունը հաստատել են ՀՀ կառավարությունում և պաշտպանության նախարարությունում VERELQ-ի աղբյուրները։
Նման որոշում է կայացվել Մոսկվային ուղղված Երևանի դիմումից մեկ օր անց՝ հայ-ռուսական երկկողմ փոխօգնության պայմանագրի համաձայն, հայկական սահմանամերձ տարածքներից ադրբեջանական ուժերի դուրս բերման խնդիրը լուծելու համար։
«Շատերը տեսադաշտից բաց են թողել, որ մայիսի 14-ին Հայաստան է ժամանել ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, գեներալ Ալեքսանդր Դվորնիկովը։ Նա արդեն հանդիպել է պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։ Հենց Դվորնիկովին է ենթարկվում 102-րդ բազան։ Նա համակարգում է նրա գործողությունները», - պարզաբանել են VERELQ-ի աղբյուրները՝ նշելով, որ Ռուսաստանը վստահեցրել է՝ կկատարի իր դաշնակցային պարտավորությունները՝ որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր։
Մինչդեռ, ըստ նրանց, Մոսկվան ներկայումս շարունակում է ջանքեր գործադրել խնդրի դիվանագիտական լուծման ուղղությամբ: