10.12.2024
ՀՀ տարածք Ադրբեջանի ներխուժումը միջազգային իրավունքի հստակ խախտում է. Փալոուն
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի սադրանքն ուղղակի ոտնձգություն է ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքի նկատմամբ. ԱԳՆ

Մայիսի 13-ին տեղի ունեցած ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը մանրամասն ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածքում ադրբեջանական կողմի հրահրած սադրիչ գործողությունները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը՝ ՀԱՊԿ մասնակից պետությունների մայրաքաղաքներին իրավիճակի մասին տեղեկություններ փոխանցելու նպատակով:


Ինչպես հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, ՀՀ մշտական ներկայացուցիչ Բիյագովը նշել է, որ Ադրբեջանի իրականացրած սադրանքը ուղղակի ոտնձգություն է ՀԱՊԿ անդամ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ և լրջագույն սպառնալիք տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը:


Նրա կողմից ընդգծվել է նաև, որ հնարավորինս արագ և ողջամիտ ժամկետներում Ադրբեջանի զինուժի ստորաբաժանումների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից հետքաշումը չիրականացնելու դեպքում իրավիճակի հետագա էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:


Ավելի վաղ Երեւանը հայտնել էր, որ ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում: Նշվել էր նաև, որ հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։


Սյունիքի սահմանային իրավիճակը քննարկելու նպատակով մայիսի 12-ի գիշերը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրավիրել է անվտանգության խորհդի նիստ: Կառավարության ղեկավարը պաշտոնապես հաստատել է՝ Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ Սյունիքի Սև լճի հարակից տարածքում։ «Դա ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ», - ընդգծել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ առաջնային ծրագիրը բանակցությունների միջոցով, նաև դիվանագիտական եղանակներով այս խնդիրը լուծելն է:


«Բայց սա տարբերակներից մեկն է։ Պետք է արձանագրել, որ իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային», - նշել է նա:


Սահմանին իրավիճակը նախօրեին քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը։ Ավելի վաղ պարոն Լավրովը Բաքու կատարած այցի ժամանակ քննարկել էր Լեռնային Ղարաբաղի իրավիճակը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ:


Հայտնի է միայն, որ երեկ երեկոյան Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարը հեռախոսազրույց է ունեցել ռուս գործընկերոջ հետ։ Ըստ ռուսական կողմի՝ Սերգեյ Շոյգուն ու Վաղարշակ Հարությունյանը քննարկել են «իրավիճակը այն տարածքներում, որտեղ առաջադրանքներ է կատարում Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը, ինչպես նաև կողմերի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ»:


Պաշտոնական հաղորդագրության մեջ որևէ խոսք չկա Հայաստանի պետական սահմանի հատման, այս հարցի շուրջ Մոսկվայի դիրքորոշման կամ հնարավոր քայլերի մասին: