ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Ֆրենկ Փալոունը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ տարածք ադրբեջանցի զինվորականների ներխուժմանն ու խիստ դատապարտել տեղի ունեցածը:
«Ադրբեջանն այժմ ներխուժել է Հայաստանի տարածք, ինչը միջազգային իրավունքի հստակ խախտում է: Միացյալ Նահանգները միանշանակ պետք է դատապարտի այս հարձակումը և դաշնակիցների հետ իր ազդեցության շնորհիվ ադրբեջանական ուժերը դուրս բերի Հայաստանի տարածքից»,- մասնավորապես գրել է ամերիկացի կոնգրեսականը:
VERELQ-ը հայտնել է, որ խնդրին արձագանքել է նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Ադամ Շիֆը: Նա Սյունիքի մարզ ադրբեջանական ուժերի ներխուժման կապակցությամբ դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին։
Ավելի վաղ Երեւանը հայտնել էր, որ ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում: Նշվել էր նաև, որ հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։
Սյունիքի սահմանային իրավիճակը քննարկելու նպատակով մայիսի 12-ի գիշերը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրավիրել է անվտանգության խորհդի նիստ: Կառավարության ղեկավարը պաշտոնապես հաստատել է՝ Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ Սյունիքի Սև լճի հարակից տարածքում։ «Դա ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ», - ընդգծել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ առաջնային ծրագիրը բանակցությունների միջոցով, նաև դիվանագիտական եղանակներով այս խնդիրը լուծելն է:
«Բայց սա տարբերակներից մեկն է։ Պետք է արձանագրել, որ իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային», - նշել է նա:
Սահմանին իրավիճակը նախօրեին քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը։ Ավելի վաղ պարոն Լավրովը Բաքու կատարած այցի ժամանակ քննարկել էր Լեռնային Ղարաբաղի իրավիճակը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ:
Հայտնի է միայն, որ երեկ երեկոյան Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարը հեռախոսազրույց է ունեցել ռուս գործընկերոջ հետ։ Ըստ ռուսական կողմի՝ Սերգեյ Շոյգուն ու Վաղարշակ Հարությունյանը քննարկել են «իրավիճակը այն տարածքներում, որտեղ առաջադրանքներ է կատարում Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը, ինչպես նաև կողմերի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ»:
Պաշտոնական հաղորդագրության մեջ որևէ խոսք չկա Հայաստանի պետական սահմանի հատման, այս հարցի շուրջ Մոսկվայի դիրքորոշման կամ հնարավոր քայլերի մասին: