23.11.2024
Խաղաղապահները ԼՂ-ում «Ժողովուրդների բարեկամությունն առանց սահմանների» ակցիա են անցկացրել
prev Նախորդ նորություն

«Սև լիճ» տեղանքն ադրբեջանական վերահսկողության տակ է. բանակցությունները շարունակվում են

Սյունիքի սահմանային հատվածում՝ «Սև լիճ» կոչվող տեղանքում, որը մայիսի 12-ից անցել է ադրբեջանական կողմի վերահսկողության տամ, իրավիճակի փոփոխություն չկա, բանակցությունները շարունակվում են: Այդ մասին հայտնում են Հայաստանի պաշտպանության նախարարությունից՝ չներկայացնելով մանրամասներ:


Նախարարության հայտնած տվյալները հաստատում են նաև «Սև լիճ» տեղանքի ուղղությամբ տեղակայված Վերիշեն համայնքի ղեկավարությունը: Այնտեղից հայտնել են, որ Սև լճի շուրջ բանակցությունները երեկ արդյունք չեն տվել։ Կողմերը պայմանավորվել են հանդիպել այսօր 12:00-ին։


Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը ԶԼՄ-ներին տեղեկացրել է, որ «Սեւ լիճը» շարունակում է մնալ ադրբեջանական վերահսկողության տակ, բանակցությունները շարունակվում են:


«Դրական արդյունք չի տվել երեկվա բանակցությունները, շարունակում են մնալ այդտեղ, նույն դրությունն է։ Հիմա էլ բանակցություններն ընթանում են։ Մեր կողմից բանակցում են առաջին բանակային կորպուսն ու սահմանապահ զորքերը», - ասել է Հարությունյանը։


Երեկ՝ մայիսի 12-ին, ադրբեջանական կողմի հետ ռուսական և հայկական զինվորականների մասնակցությամբ տեղի ունեցած բանակցությունների անարդյունավետության մասին վկայում է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փշինյանի գլխավորությամբ երեկ գիշերը տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստը:


Փաշինյանը հաստատել է՝ Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ Սյունիքի Սև լճի հարակից տարածքում։ «Դա ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ», - ընդգծել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ առաջնային ծրագիրը բանակցությունների միջոցով, նաև դիվանագիտական եղանակներով այս խնդիրը լուծելն է:


«Բայց սա տարբերակներից մեկն է։ Պետք է արձանագրել, որ իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային», - նշել է նա:


Ավելի վաղ Երեւանը հայտնել էր, որ ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում: Նշվել էր նաև, որ հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։


Սահմանին իրավիճակը նախօրեին քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը։ Ավելի վաղ պարոն Լավրովը Բաքու կատարած այցի ժամանակ քննարկել էր Լեռնային Ղարաբաղի իրավիճակը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ:


Հայտնի է միայն, որ երեկ երեկոյան Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարը հեռախոսազրույց է ունեցել ռուս գործընկերոջ հետ։ Ըստ ռուսական կողմի՝ Սերգեյ Շոյգուն ու Վաղարշակ Հարությունյանը քննարկել են «իրավիճակը այն տարածքներում, որտեղ առաջադրանքներ է կատարում Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը, ինչպես նաև կողմերի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ»:


Պաշտոնական հաղորդագրության մեջ որևէ խոսք չկա Հայաստանի պետական սահմանի հատման, այս հարցի շուրջ Մոսկվայի դիրքորոշման կամ հնարավոր քայլերի մասին: Հատկանշական է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն օրեր առաջ էր Երևանում անվտանգության ապահովման երաշխքներ էր տվել։