23.11.2024
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Էյդ Ալ-Ֆիտր սրբազան տոնի առթիվ
prev Նախորդ նորություն

Գլաձոր համայնքում հերթական անգամ մերժեցին հանքարդյունահանումը. ՀԲՃ

Գլաձոր խոշորացված համայնքի բնակիչները 2021թ-ի մայիսի 11-ին թույլ չտվեցին հանրային քննարկումներ անցկացնել Գլաձորի բազմամետաղային հանքավայրի արդյունահանման նպատակով «ՄԵՏԱԼ ԳՈԼԴ» ՍՊԸ-ին երկրաբանական ուսումնասիրման աշխատանքներ իրականացնելուն նախնական համաձայնություն տալու կամ չտալու վերաբերյալ, հայտնում է Հայկական բնապահպանական ճակատը:


Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Նրանք փակել էին դպրոցի մուտքը, որտեղ պետք է տեղի ունենար այդ քննարկումը՝ թույլ չտալով նախաձեռնող ընկերության մուտքն այդ տարածք։ Այսպես նրանք արտահայտեցին իրենց դեմ լինելն այս ծրագրին ու մեկ անգամ ևս վերահաստատեցին դեռ 2019թ-ին 2152 ստորագրություններով ամրագրված կոլեկտիվ հանրագրի միջոցով մետաղական հանքարդյունահանման հետ կապված ցանկացած գործունեություն Գլաձոր համայնքի տարածքում չթույլատրելու իրենց որոշումը։


Հիշեցնենք, որ 2019թ-ի ապրիլի 19-ին Գլաձոր համայնքի կազմի մեջ մտնող Գլաձոր, Վերնաշեն և Գետափ գյուղերի բնակիչները համայնքի ղեկավարին և ավագանուն էին ներկայացրել 2152 բնակչի ստորագրությամբ հանրագիր, որտեղ խնդրել և պահանջել էին․


1․ Ընդունել որոշում, որով կարգելվի և ապագայում կբացառվի Գլաձոր համայնքի վարչական տարածքում իրականացնել մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել ևս հանքավայրերի շահագործման հետ կապված աշխատանքներ:


2․ Համայնքների անդամներին ներգրավելով՝ մշակել Գլաձորի ու Վայոց Ձորի մարզի էկոլոգիապես կենսակայուն և կանաչ տնտեսության զարգացման համալիր ծրագիր, որի իրականացման համար պատրաստ են աջակցել ՀՀ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին:


Համայնքի ավագանին 2019թ․ ապրիլի 29-ին ընդունել է որոշում, որով հավանություն է տվել Գլաձոր համայնքի բնակիչների՝ 2019 թվականի ապրիլի 19-ին համայնքի ղեկավարին և ավագանուն ներկայացրած «Գլաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը:


Տեղեկացնենք նաև, որ 2018-2019թթ նմանատիպ հանրագրեր և որոշումներ կայացվել են նաև Նոյեմբերյան, Ջերմուկ, Եղեգնաձոր, Արենի և Մալիշկա համայնքներում: