Առաջիկա հինգ տարիներին «Գազպրոմ Արմենիա»-ն շուրջ 210 մլն դոլարի ներդրում կիրականացնի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իրականացնում է համալիր աշխատանքներ 2021–2025թթ. ներդրումային ծրագրի և կապիտալ նորոգման պլանի շրջանակներում:
Ընկերությունից տեղեկացնում են, որ հնգամյա ժամանակահատվածի համար կապիտալ ներդրումների ընդհանուր ծավալը նախատեսված է 108 757,61 մլն դրամի չափով (առանց ԱԱՀ): Ներդրումային ծրագրով և կապիտալ նորոգման պլանով նախատեսված աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության գազամատակարարման և գազաֆիկացման Գլխավոր սխեմայի շրջանակում:
Ընթացիկ տարում Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի (ԳՍՊԿ) և գազափոխադրման համակարգի այլ օբյեկտների ընդլայնմանը, վերականգնմանը և վերակառուցմանը, գազաբաշխման համակարգում այլ ուղղությունների համար, ինչպես նաև նոր բաժանորդների միացմանն ուղղված ներդրումների ընդհանուր ծավալը նախատեսված է 17 315,13 մլն դրամի չափով (առանց ԱԱՀ):
Աբովյանի ԳՍՊԿ-ում այս տարի նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները. շահագործվող հորերի, ճնշակայանի, արդյունաբերական հրապարակի և օժանդակ համակարգերի կապիտալ նորոգում:
Իրականացվելու են Կարմիր Կամուրջ-Ալավերդի, Երևան-Արմավիր, Իլիչևսկ-Երևան և Գորիս-Նախիջևան (Գոիս-Շաղաթ հատված) մայրուղային գազատարների կապիտալ նորոգման (մեկուսիչ շերտի փոխարինմամբ) աշխատանքներ: Մայրուղային գազատարների նորոգվող հատվածների ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 70 կմ:
Լայնածավալ աշխատանքներ են իրականացվում նաև գազափոխադրման համակարգի այլ օբյեկտներում, կատարվում է Երևան-2, Երևան-4 և Գյումրի-1 գազաբաշխիչ կայանների (ԳԲԿ) կապիտալ նորոգում:
Ընթացիկ տարում նախատեսված են համալիր աշխատանքներ գազաբաշխման համակարգի օբյեկտներում, այդ թվում՝ շուրջ 80 կմ միջին և ցածր ճնշման գազատարների նորոգում և վերականգնում: