Հայաստանի անվտանգային համակարգը պատրաստ չէ Թուրքիայի հետ սահմանների բացմանը. Վանեցյան
Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգը և ոչ էլ տնտեսությունն այսօր պատրաստ չեն Թուրքիայի հետ սահմանների բացմանը: Այս մասին «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ մամուլի ասուլիսին հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով, այդ հարցը պետք է առհասարակ հանվի օրակարգից.
«Այս հարցը պետք է օրակարգից հանվի, մինչև չվերականգնվի ՀՀ անվտանգային համակարգն ու տնտեսությունը պատրաստվի հնարավոր սահմանների բացմանը։ Բայց այս փուլում խոսել դրա մասին ու օրակարգում պահել հարցը, ուղղակի անթույլատրելի է», - ասաց Վանեցյանը։
Նա նաև նշեց, որ մեր երկիրն այսօր գտնվում է աղետալի վիճակում, և բոլորը պարտավոր են իրենց հնարավորությունները, գիտելիքները, կարողությունները դնել հայրենիքի անվտանգային համակարգի վերականգնման համար:
Ու թեև իրենց ՀԿ-ն ի սկզբանե հայտարարել է, որ ապաքաղաքական է, սակայն Վանեցյանը զգուշացրեց՝ եթե որևէ մեկը կփորձի անել քայլեր պետության ու ժողովրդի դեմ, ապա իրենց կողմից կարժանանան խիստ գնահատականի ու խիստ արձագանքի: