23.11.2024
Թուրքիայի նոր վարչապետը մեկնում է Բաքու
prev Նախորդ նորություն

Բունդեսթագի նախագահ. Հայ ժողովրդի ողբերգության համար իր մեղքի բաժինն ունի նաև Գերմանիան

Այն ամենում, ինչ տեղի է ունեցել հայ և քրիստոնյա այլ ժողովուրդների հետ Օսմանյան կայսրությունում, իր մեղքի չափաբաժինն ունի նաև Գերմանիան: Այս մասին Բունդեսթագում ընթացող Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևի քննարկման ժամանակ հայտարարել է Գերմանիայի խորհրդարանի նախագահ Նորբերտ Լամմերթը:

Վերջինիս խոսքով, գերմանական խորհրդարանը պատմաբանների հանձնաժողով չէ ու, առավել ևս, ոչ էլ դատարան, բայց օրենսդիր մարմինը պետք է իր գնահատականը տա այն ամենին, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ 101 տարի առաջ:

Հիշեցնենք, այսօր կեսօրին Գերմանիայի Բունդեսթագում մեկնարկել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկումը, որին հաջորդելու է քվեարկությունը։ Ընդդիմության նախագիծը հնարավոր է հավանության արժանանա նաև գերմանական խորհրդարանի երկու խոշոր կուսակցությունների կողմից՝ Քրիստոնյա-Դեմոկրատների Միության, որի առաջնորդն է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատների կուսակցության կողմից:

Նշենք, որ քննարկմանը մասնակցում են Գերմանիայում ՀՀ և Թուրքիայի դեսպանատան ներկայացուցիչները, իսկ քննարկմանը զուգահեռ, Բունդեսթագի շենքի մոտ, ընթանում է ցույց, որի մասնակիցները՝ Հայաստանի, Հունաստանի և մի շարք այլ երկրների դրոշները ձեռքներին, «Ճշմարտության շղթա» են կազմել՝ կոչ անելով ընդունել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: