ԱԺ-ում հատուկ նիստ է հրավիրվել. օրակարգում վարչապետի ընտրությունն է
Խորհրդարանում հատուկ նիստ է հրավիրվել ՀՀ վարչապետի ընտրության հարցով։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նիստին չի մասնակցում։
Ըստ էության, այսօր՝ մայիսի 3-ին, պետք է տեղի ունենան վարչապետի «չընտրությունները»։ Հայաստանում հունիսի 20-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ Համաձայն ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունների: Խորհրդարանի լուծարումն ապահովելու համար Ազգային ժողովը երկու անգամ պետք է տապալի վարչապետի ընտրությունը, որից հետո լուծարվելու է օրենքի ուժով։
Այդ նպատակով Նիկոլ Փաշինյանը մայիսի 25-ին հրաժարական տվեց ՀՀ վարչապետի պաշտոնից։ «Իմ քայլը» դաշինքի խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին։ Թեկնածության առաջադրումը կրում է ձեւական բնույթ եւ կոչված է պահպանելու օրենսդրությամբ սահմանված բոլոր նորմերը:
Քաղաքական պայմանավորվածությունների համաձայն՝ խորհրդարանը դեմ կքվեարկի Նիկոլ Փաշինյանի ընտրությանը, որից հետո օրենքով սահմանված ժամկետներում խմբակցությունը կրկին կառաջադրի Փաշինյանի թեկնածությունը եւ կրկին դեմ կքվեարկի: Ինքը՝ Փաշինյանը, խորհրդարանական ընդդիմությանը զգուշացրել է, որ ընդդիմության կողմից իր թեկնածուի առաջադրման դեպքում խորհրդարանական մեծամասնությունը քաղաքական պայմանավորվածությունները կհամարի խախտված և կքվեարկի իր թեկնածուի օգտին։
Վարչապետի պաշտոնից հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանը շարունակել է պաշտոնավարել կառավարության ղեկավարի պաշտոնում: Ընդդիմությունն էլ վիճարկում է այդ քայլի օրինականությունը՝ մատնանշելով, որ կամավոր հրաժարականի դեպքում որևէ մեկը պետք է նշանակվի պաշտոնակատար։
Սակայն իշխող դաշինքում դա հերքում են՝ մատնանշելով Հիմնական օրենքում որևէ սահմանափակումների բացակայությունը։ Ընդդիմությունը նաև պնդում է, որ Փաշինյանի պաշտոնակատարի կարգավիճակում գտնվելու դեպքում կօգտագործվի վարչական ռեսուրսը և ընտրությունները կեղծվելու են։
Ընդդիմադիր ուժերի մի շարք ներկայացուցիչներ հայտարարել են քաղաքական պայմանավորվածությունների կատարման անընդունելիության մասին եւ նույնիսկ խորհրդարանական ընդդիմությանը մեղադրել իշխանությունների հետ պայմանավորվածության մեջ: Շատերը ընդդիմությանը կոչ են արել առաջադրել իրենց թեկնածուին, սակայն խորհրդարանական ընդդիմությունը որոշել է գնալ քաղաքական պայմանավորվածությունների ճանապարհով։
Այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ խմբակցությունը չի մասնակցի հատուկ նիստին: