23.11.2024
Ե՞րբ է Հայաստանը ձեռք բերելու «Սպուտնիկ V» պատվաստանյութի 1 մլն չափաբաժինը
prev Նախորդ նորություն

Միջազգային ակտիվությունը մեծացնում է գերիների վերադարձի հարցում լավատեսությունը. Փաշինյան

Վերջին շրջանի միջազգային ակտիվությունը՝ կապված գերեվարված անձանց խնդիրների հետ, շատ կարևոր է։ Մեծացնում է լավատեսությունը, որ այս հարցում կունենանք կոնկրետ արդյունքներ։ Այդ մասին կառավարության ապրիլի 29-ի նիստում հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:


Նա ընդգծեց որ «մեզ համար ամենացավոտ խնդիրը մեր գերեվարված քաղաքացիների խնդիրն է»։ «Ըստ էության Ադրբեջանն իր ստանձնած պարտավորությունները՝ ռազմագերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց վերադարձնելու, չի կատարում։ Եվ կարող ենք արձնագարել, որ այս փաստն արդեն իսկ դառնում է միջազգային օրակարգի հարց», - ասաց նա։


Այս համատեքստում վարչապետի պաշտոնակատարը նաև հիշեցրեց, որ ապրիլի 28-ի ուշ երեկոյան Եվրամիությունը շատ կարևոր հայտարարություն է տարածել, որոում շատ հասցեական արձանագրվում է, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի բոլոր գերեվարված անձանց՝ անկախ այդ անձանց գերեվարվելու կոնկրետ հանգամանքներից։


«Սա շատ կարևոր արձանագրում է։ Ընդ որում, կարևոր եմ համարում նաև, որ այս հայտարարության մեջ հղում է արվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում տեղի ունեցող գործընթացներին, ինչը քաղաքական հայտարարությանն ավելացնում է նաև իրավական կոնպոնենտ, որը տվյալ պարագայում չափազանց կարևոր է» ,- ասաց նա։


Միջազգային ակտիվությունը, Փաշինյանի խոսքով, կապված գերեվարված անձանց խնդիրների հետ, շատ կարևոր է։ «Եվ դա մեծացնում է լավատեսությունը, որ այս հարցում կունենանք կոնկրետ արդյունքներ։ Մեզ հարկավոր է լինել առավելագույնս համախմբված, համբերատար և հետևողական, և այս հարցը միանշանակ դրական լուծում պետք է ստանա»,- եզրափակեց նա:


Հայկական կողմի տվյալներով` Ադրբեջանում շուրջ 200 հայ ռազմագերի կա, սակայն Ադրբեջանը հայտնում է 70 հոգու գերեվարման մասին, որոնցից 54-ը Խծաբերդում գերի ընկած պահեստազորայիններն են, ևս 16 հոգի՝ զինծառայողներ ու քաղաքացիական անձինք։


Անցած աշնանը Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմից հետո 2020 թվականի նոյեմբերի 10-ից հաստատված հրադադարից հետո մինչ այժմ Ադրբեջանը վերադարձրել է 69 ռազմագերի։