Կառավարության 29-ի նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց գործադիրի անդամներին մեկ շաբաթում պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Այնուհետև այդ գործընթացով պետք է անցնեն նրանց ղեկավարած գերատեսչություննների աշխատակիցները:
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ Հայաստանում կառավարության ջանքերի շնորհիվ հասանելի են պատվաստանյութերը և անհրաժեշտ ենթակառուցվածքները: «Արդեն մի քանի օր է, ինչ պաստվաստանյութը հասանելի է 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու համար», - ասաց նա՝ տեղեկացնելով, որ պատվաստման համար դիմելու ձևերը հեշտացվել են:
«Անկախ ձեր հաշվառման վայրից, սիրելի քաղաքացիներ կարող եք ձեր նախընտրած պոլիկլինիկայում հերթագրվել և ստանալ պատվաստանյութը», - դիմելով քաղաքացիներին՝ ասաց նախարարը՝ տեղեկացնելով, որ հաջորդ շաբաթվանից կգործեն նաև շարժական թիմեր, որոնք տեղակայցած կլինեն քաղաքի բանուկ մասերում և ավելի կմոտեցնեն պատվաստման հնարավորությունը քաղաքացիներին:
Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ պատվաստումների գործընթացն ունի առաջնային առողջապահական նշանակություն և այն կոչված է վերջ դնելու մահերի այս աղետալի ընթացքը:
«Այսօր Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 656 դրական նոր դեպք, այս պահին 1357 քաղաքացի բուժում է ստանում, որից 2 հազարից ավելը հիսիտալացված է: Երեք, ցավոք սրտի, գրանցել ենք 16 մահ: Մահվան դեպքերի թիվը հատել է 4000-ի սահմանը», - ներկայացրեց թարմանցված վիճակագրությունն Ավանեսյանը:
Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ Հայաստանում առկա պատվաստանյութերը 100 տոկոսով պաշտպանում են հիվանդացության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքից: «Պատվաստանյութից ծանր կամ թեթև կողմնակի ազդեցության ռիսկը գրեթե զրոյական է, եթե համեմատում ենք կորոնավիրուսով վարակվելու և դրանից առողջությանը հասցվող հետևանքների հետ», - ասաց նախարարի պաշտոնակատարը՝ հորդորելով կառավարության անդամներին ակտիվորեն ներգրավվել պատվաստման գործընթացին:
Ավանեսյանը հիշեցրեց, որ ինքն ու Տիգրան Ավինյանն ապրիլի 28-ին պատվաստվել են և իրենց շատ լավ են զգում: «Հուսամ այս օրինակը վարակիչ կլինի», - ասաց նա:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը համաձայնեց նախարարի խոսքերի հետ՝ մեկ շաբաթ տալով կառավարության անդամներին պատվաստվելու համար: «Մենք այս պահին ունենք AstraZeneca և «Սպուտնիկ V» պատվաստանյութեր: Առաջիկայում ստանալու ենք Չինաստանից պատվաստանյութ: Ի դեպ տիկին Ավանեսյանն ու պարոն Ավինյանը պատվաստվել են AstraZeneca պատվաստանյութով», - նշեց վարչապետը:
Վարչապետը տեղեկացրեց, որ այս պահին Հայաստանում պատվաստված քաղաքացիների քանակը 2690 է, որը, նրա խոսքով, խայտառակ ցածր ցուցանիշ է: «Այժմ աշխարհում պատվաստված քաղաքացիների թիվը երկրի որակի նշան է: Այնպես որ սա պետք է լինի մեր ամենօրյա աշխատանքը», - ասաց Փաշինյանն ու հորդորեց սկզբից պատվաստվել կառավարության անդամներին, այնուհետև նախարարությունների ու գերատեսչությունների աշխատակիցներին:
Ըստ Փաշինյանի՝ շուտով ամբողջ աշխարհում որևէ ճամփորդության համար պարտադիր կլինի պատվաստումը։ «Ես չգիտեմ՝ դա կլինի մի ամսից, թե մի շաբաթից, բայց որ մեկ-երկու ամսից որևէ երկիր թույլ չի տալու չպատվաստված որևէ անձի մուտք գործել իր տարածք, դա ակնհայտ է»,- հավելեց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խոսքը նաև դեպի մեր երկիր ճամփորդությունների մասին է։ Այսինքն՝ եթե երկիրը վատ ցուցանիշ ունի, դա նաև ազդում է դեպի երկիր մուտքի ցուցանիշների վրա։ «Այսինքն՝ մեր բիզնեսը պետք է շատ շահագրգռված լինի, որովհետև եթե մենք առաջիկա մեկ ամսվա ընթացքում պատվաստման շատ շոշափելի ցուցանիշ չարձանագրենք, մեր զբոսաշրջային բիզնեսն այս տարի նույնպես կարող է շատ մեծ պրոբլեմներ ունենալ։ Եվ այստեղ շատ կարևոր եմ համարում, որ խլացվեն բոլոր այն ձայները, որոնք արշավանք են սկսում պատվաստումների դեմ։ Պարոն Քերոբյան, պետք է բիզնեսին նույնպես ներգրավել, որ այս պրոցեսը պատշաճ մակարդակով իրականացվի»,- նշեց նա։
Պաշտպանության նախարարին Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց․ «Պարոն Հարությունյան, կարծում եմ՝ զինված ուժերում էլ պետք է իրականացվի պատվաստման գործընթացը։ Ընդհանրապես պետական մարմիններում մենք այդ առաջնորդությունը պետք է ստանձնենք, որ բոլորը տեսնեն, որ մենք բոլորս պատվաստված ենք և շարունակում ենք կենդանի մնալ»։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ բոլոր խոսակցությունները միջազգային գործընկերների հետ փաստում են այն մասին, որ առաջատար երկրները պատրաստվում են նոր կարգեր մտցնել աշխարհում ճամփորդությունների վերաբերյալ։
«Եվ, ըստ էության, այն մարդիկ, ովքեր չունեն կանաչ անձնագիր, հնարավորություն չեն ունենալու ազատ ճամփորդել։ Գիտեք, որ մեր մոտ հիմա ևս գործում են որոշակի սահմանափակումներ, կարանտինի մեջ են, և բոլոր գործատուները, ում վերաբերում են այս սահմանափակումները, պետք է շահագրգռված լինեն ինչքան հնարավոր է ավելացնել պատվաստված աշխատակիցների քանակը, որպեսզի հնարավորություն ունենանք վերացնել այս կարանտինային սահմանափակումները, ինչպես նաև ելումուտի բոլոր սահմանափակումները»,- հավելեց նախարարը։
Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց․ «Շատ կարևոր է, որ այսօրվանից պատվաստված քաղաքացիների մասին թվայնացված տեղեկատվությունը մենք ունենանք, որովհետև հետագայում մենք չգիտենք, թե ինչ կարգեր կգործեն։ Օրինակ՝ կարող է պարզվել, որ թողարկվում է կանաչ անձնագիր կամ անձնագրի մեջ ինչ-որ շտամպ է խփվում։ Այսինքն՝ մենք պետք է բոլոր պատվաստված քաղաքացիներին վայրկյանների ընթացքում կարողանանք գտնել»,- ասաց նա։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ արդեն ունեն մշակված հավելվածը, որի շնորհիվ պատվաստման գործընթացը էլեկտրոնային հարթակում է գրանցվում։ Եվ քաղաքացիները կունենան իրենց պատվաստման հավաստումը։