ՀՀԿ-ն պետք է պայքարի Հայաստանի ադրբեջանացման դեմ՝ չլինելով որևէ մեկի կցորդը. Շարմազանով
Հայաստանում շուտով կմեկնարկի նախընտրական «սպրինտը», որը սովորական քաղաքական պայքար չէ։ Հայտնի կապիտուլյանտը մեր հայրենիքը վերածել է ավերակների։ Թշնամին ու օտարները վերցնում են իրենց փայաբաժինն անխնա ու մեր պետական շահերի հաշվին: Եվ վերցնելու են այնքան ժամանակ, որքան այս հողատուներն իշխանության են։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Հայ ժողովուրդը երբեք նման անողնաշար, «կոշիկներ լպստող», կապիտուլյանտ ու նվաստացող իշխանություն չի ունեցել։ Այսօր Հայաստանում իշխում է քաղաքական մուրացկանությունը։ Մուրացկանին անկախ հայրենիք չի տրվում, մուրացկանին տալիս են անկելանոց։
Կա՛մ Հայաստանը կունենա ապագա, կա՛մ կվերածվի թուրքական վիլայեթի։ Ժամանակին իմ և հանրապետական ընկերներիս զգուշացումներն անտեսվեցին։ Երեք տարի շարունակ, երբեմն միայնակ, Հանրապետականը պահեց «պայքարի խրամատը»։
Այսօր էլ զգուշացնում եմ՝ սատարել կապիտուլյանտին նշանակում է սատարել Հայաստանի ադրբեջանացմանը։
Սրա դեմ Հանրապետականը պետք է պայքարի ու այդ պայքարում չպետք է լինի որեւէ մեկի կցորդը, այլ պայքարի բաց ճակատով ու հանուն ազգային Հայաստանի։
Հանրապետականի օրոք Հայաստանն ու հայ ժողովուրդն աշխարհում հաղթած էին, իսկ հողատուն մսխեց այդ հաղթանակները։ Մենք թշնամուն հաղթել ենք եւ բանակցային սեղանին, եւ ռազմի դաշտում, իսկ դուք եւ ձեր կապիտուլյանտը՝ծնկի եկել։
Հանրապետականի օրոք Հայաստանը գործոն էր, իսկ այսօր սրանք դարձրել են գործիք։
Հ .Գ.Քաղաքական «փալասների» հետ չեն դաշնակցում։ Նրանց օգտագործում են»,- գրել է Շարմազանովը։