23.11.2024
Ցեղասպանության հարցը հանձնել պատմաբաններին. Քոչարյանը կոշտ պատասխան է տվել Էրդողանին
prev Նախորդ նորություն

Առաջին նախագահի մեկնաբանությունները չեն համապատասխանում իրականությանը. Մակունց

Հայաստանում նկատվում են հանրության շրջանում բաժանարար գծեր տանելու որոշակի միտումներ և փորձեր։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, խորհրդարանում լրագրողներին ասել է «Իմ քայլը» իշխող դաշինքի խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ մեկնաբանելով ապրիլի 21-ին Սյունիքում տեղի ունեցած միջադեպը։


«Կարող է ինչ-որ մեկը Սյունիքում տեղի ունեցածը համարում քաղաքական ակցիա, ինձ համար սա ընդամենը ակցիա է, ուղեկցված խուլիգանությամբ», - հայտարարել է պատգամավորը: Նրա խոսքով՝ միշտ և ցանկացած իշխանության օրոք եղել է, կա և լինելու է քաղաքացիների որոշակի խմբի դժգոհության առիթ։ Սակայն Հայաստանում տեղի ունեցածի խնդիրն այլ է, կարծում է Մակունցը։


«Խնդիրը Հայաստանի բաժանման փորձերն են։ Դա նկատվում է առանձին կառավարվող խմբերի կողմից։ Բնականաբար, դա չի կարող ողջունել ոչ երկրի քաղաքական ղեկավարությունը, ոչ իրավապահ համակարգը", - հայտարարել է նա։ Մակունցը կոնկրետ ուժեր չի նշել, որոնք կանգնած են այդ գործընթացների հետեւում, սակայն ընդգծել է, որ Սյունիքում ակցիաները ինքնաբուխ բնույթ չեն կրել:


«Ես չեմ կարող որևէ անուն հնչեցնել, քանի որ նման տեղեկատվության չեմ տիրապետում։ Սակայն, հետևելով իրավիճակին կողքից և նկատելով, թե ինչ գործողություններ են կատարվում, ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ այդ բոլոր գործընթացները ուղղորդվում են որոշակի ուժերի կողմից», - մասնավորապես նշեց պատգամավորը։


Նա չհամաձայնեց այն կարծիքի հետ, որ հենց գործող իշխանությունն է պառակտել հասարակությանը 2018-ին իր գործողություններով ու հռետորաբանությամբ։ «Մենք երբեք չենք փորձել և չենք ձգտել պառակտում մտցնել հասարակության մեջ։ Ընդհակառակը», - հայտարարել է նա։


Մեկնաբանելով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն այն մասին, որ Սյունիքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողություններում ամենանողկալի բանը նրա «ներխուժումն էր շուռնուխցիների տուն», Մակունցը նշել է, որ «առաջին նախագահի մեկնաբանությունները չեն արտացոլում իրականությունը»: «Իմ տեղեկություններով՝ Փաշինյանն առանց թույլտվության այդ մարդկանց տուն չի մտել», - ընդգծեց պատգամավորը:


Հիշեցնենք, որ Սյունիքի բնակիչներն ապրիլի 21-ին զանգվածային բողոքի ակցիաներ էին կազմակերպել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարզ ժամանելու կապակցությամբ։ Ցուցարարները բղավում էին «Նիկոլ դավաճան» և այլ վիրավորանքներ։ Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կարծում են, որ ադրբեջանական բանակի նոր մարտական դիրքերի տեղակայումը սպառնում է իրենց անվտանգությանը:


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույն օրը Սյունիքի մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ ուժային կառույցների ղեկավարներին հանձնարարել է պատժել այդ ակցիաների կազմակերպիչներին, որոնք, մասնավորապես, տեղի են ունեցել Մեղրի և Ագարակ քաղաքներում:


Հաջորդ օրը հայտնի դարձավ Սյունիքի մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ Մեղրիի քաղաքապետի ձերբակալության մասին, որի նկատմամբ քրեական գործ է հարուցվել խուլիգանության, հասարակական կարգի կանխամտածված խախտման, ինչպես նաև իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով: