23.11.2024
Հրդեհ է բռնկվել Բագրատունյաց 8/7 հասցեում գտնվող արագ սննդի կետում՝
prev Նախորդ նորություն

ՄԻՊ-ը դիեմ է իրավապահներին՝ որոշ պաշտոնյաների «ձևախեղված հանրային վարքի կապակցությամբ»

Մարդու Իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ դիմել է իրավապահ մարմիններին՝ որոշ պաշտոնյաների անօրինական, ձևախեղված հանրային վարքի կապակցությամբ քննություն իրականացնելու նպատակով։


ՄԻՊ հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․


«Նախ, Մարդու իրավունքների պաշտպանին իր լիազորությունների իրականացման կապակցությամբ վիրավորանք հասցնելու և բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար ստորագրել եմ ՀՀ դատախազությանն ուղղված հանցագործության վերաբերյալ հաղորդում:


Խոսքը վերաբերում է ՀՀ-ում Կառավարություն և Ազգային ժողովում կառավարող խմբակցություն ձևավորած կուսակցության ղեկավար մարմնի անդամի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի առնվազն երկու՝ 226.2-րդ և 332.2-րդ հոդվածներով քրեական հետապնդում հարուցելու մասին: Դատախազություն են ներկայացվել քրեական գործ հարուցելու համար անհրաժեշտ հիմքեր:


Դրանից բացի, իրավապահ մարմիններին` Դատախազությանը, Ազգային անվտանգության ծառայությանը և Ոստիկանությանն ուղղված հաղորդումներով բարձրացրել եմ այն պաշտոնյաների հարցը, որոնք սոցիալական ցացներում հրապարակումներ են անում, սակայն չեն հեռացնում դրանց ներքո ծավալվող՝ վիրավորանք ու ատելություն պարունակող, բռնությունն արդարացնող, խրախուսող կամ բռնության կոչ պարունակող գրառումները: Հարց եմ բարձրացրել նաև այն մասին, թե ինչ վերաբերմունք ունեն իրավապահ մարմիններն այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք հավանումներով (առնվազն Like) աջակցում են նման գրառումները կամ հրապարակայնորեն կիսվում են դրանցով: Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ նման պաշտոնյաների արարքները նույնպես պետք է դիտվեն ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածով սահմանված քրեական պատասխանատվության ներքո:


Ցավոք, մեր երկրում կան պաշտոնյաներ, որոնք ձևախեղված պատկերացումներ ունեն իրենց կարգավիճակի վերաբերյալ, չունեն հանրային պատասխանատվություն իրենց զբաղեցրած պետական պաշտոնի նկատմամբ և զբաղված են անօրինական արարքներ կատարելով: Խոսքն այն պաշտոն զբաղեցնող այն անձանց մասին է, որոնք իրենց սոցիալական ցանցերի գրառումներով տարածում են ատելություն, հայհոյում են մարդկանց, հրապարակայնորեն արդարացնում կամ խրախուսում են բռնությունը:


Սոցիալական ցանցերում լարվածությունը հասել է վտանգավոր չափերի՝ հատկապես հաշվի առնելով պատերազմին հաջորդած ճգնաժամային իրավիճակները, էմոցիոնալ լարվածությունը: Ակնհայտ է, որ նման իրավիճակում պետության ուղիղ պարտավորությունն է այս ամենը կանխելը, համերաշխության ու խաղաղության մթնոլորտ երաշխավորելը:


Իսկ նշված պաշտոնյաներն իրենց պահվածով միայն նպաստում են լարվածության ավելացմանը, նրանց անօրինական պահվածքի պատճառով ավելանում է ագրեսիվությունը մեր հասարակությունում: Սրան էլ ավելանում է այն, որ նրանց գրառումները տեղադրվում են սոցիալական ցանցերի մեծաքանակ հետևորդներ ունեցող լրատվական կամ այլ բնույթի էջերում, որի պատճառով նշված գրառումները ստանում են առավել լայն տարածում ու վտանգավոր ազդեցություն ունենում լարվածության մթնոլորտի վրա: Դա էլ իր հերթին վտանգավոր է, քանի որ իրական կյանք տեղափոխվելով՝ կարող է հանգեցնել բռնության դեպքերի: ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմանում հենց բռնությունը հրապարակային արդարացնելու կամ քարոզելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի նկատմամբ:


Այս հաղորդումներն ուղարկելը նաև պայմանավորված է նրանով, որ խոսքը գնում է պաշտոնյաների կողմից քաղաքացիների իրավունքները խախտող, երկրում մարդու իրավունքների համակարգը խարխլող գրառումների մասին:


Նման անօրինական վարքի տեր պաշտոնյաներին խիստ զգուշացնում եմ` չփորձեն ատելության, բռնությունն արդարացնող կամ խրախուսող իրենց գրառումներով լարվածության մթնոլորտ ավելացնել մեր երկրում: Այս հարցերի նկատմամբ լինելու եմ հետևողական:


Ուստի, Դատախազությանը, Ազգային անվտանգության ծառայությանը և Ոստիկանությանը, յուրաքանչյուրին իր իրավասության սահմաններում ուղղվել են հարցադրումներ՝ հաշվի առնելով քրեական քաղաքականության իրականացման, իրավախախտումների, այդ թվում՝ հանցանքների նախականխման ու կանխման գործում նրանց կարևոր գործառույթները:


Պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցող անձինք պետք է իրենց պահվածքով օրինակ լինեն հանրային համերաշխության ու խաղաղության հաստատման համար, իրենք են պարտավոր բացառել բռնության հետ առնչություն ունեցող ցանկացած տեսակի խոսք կամ ատելություն, առավել ևս այս արատավոր երևույթների արդարացում կամ խրախուսում»: