Ռուսաստանի գլխավոր շտաբի պետը Հայաստանը համարել Է Անդրկովկասում առանցքային դաշնակից
Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը բանակցություններ է վարել Հայաստանի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ:
«Ուրախ եմ ողջունել Ձեզ Մոսկվայում։ Հայաստանն Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային դաշնակիցն ու գործընկերն է», - բանակցությունների սկզբում ասել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Գերասիմովը նշել է, որ երկրներն ամրապնդում են փոխգործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կառույցների, առաջին հերթին ՀԱՊԿ-ի շրջանակներում: Երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի ցուցանիշն, ըստ նրա, «Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմաբազայի գործունեությունն է»:
«Մենք շարունակում ենք որակյալ կադրեր պատրաստել Ռուսաստանի պաշտպանության նախարարության բուհերում», – հայտարարել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը:
Նա նաեւ հավելել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ Հայաստանում օգնություն են ցուցաբերել հայկական զինված ուժերի զինծառայողների ախտորոշման հարցում: Ընդհանուր առմամբ անցկացվել է ավելի քան 22 հազար հետազոտություն: