Հայաստանի Ժուրնալիստների միությունը դատապարտում է լրագրողներին և նրանց ընտանիքների անդամներին թիրախավորելու բոլոր փորձերը:
Միության հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Երեկ իրենց «Հեղափոխության պահապաններ» անվանող իշխանամերձ խմբի անդամներից մեկն իր ֆեյսբուքյան էջում տարածել է Antifake.am կայքի լրագրող Մարի Ամիրջանյանի սոցիալական ցանցի անձնական էջն ու վերջինիս լուսանկարը՝ դրանք համեմելով ծաղրական, գռեհիկ գրառմամբ, լրագրողի անձի նկատմամբ գեներացնելով ատելություն, անձնական վիրավորանքների տարափ, սպառնալիքներ ու հայհոյանքներ:
Այսօր այս խմբի մեկ այլ անդամ թիրախավորել է Tert.am կայքի լրագրող Անի Գևորգյանին՝ տարածելով ոչ միայն նրա, այլև լրագրողի երեխայի լուսանկարը՝ համեմված հայհոյախառն գրառումներով: Այս մասին տեղեկացրել է Անի Գևորգյանը:
Մամուլում շրջանառվող տարբեր տեղեկությունների համաձայն, լրագրողին նման սպառնալիքներ են հղել իշխանություննների հետ ուղղակի կամ անուղղակի կապված տարբեր օգտագրերեր։
Հիշեցնենք, որ սա այն նույն խումբն է, որը ձվերով հարձակում գործեց «Հայելի» ակումբի վրա և որևէ պատժի չարժանացավ:
Այս մարդիկ անգամ թիրախավորեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին՝ բռնության սպառնալիքներ տեղալով վերջինիս հասցեին, և կրկին որևէ իրավական գնահատական չհետևեց այս գործելակերպին:
Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողի մասնագիտական գործունեության առնչությամբ նման հակաօրինական քայլերը, առավել ևս՝ մանկահասակ երեխաների թիրախավարումը։ Դա հակասում է մարդկային բարոյականությանը, մասնագիտական էթիկային և միևնույն ժամանակ՝ քրեորեն պատժելի արարք է, որի հեղինակները պետք է ենթարկվեն պատասխանատվության՝ ապագայում նման դեպքերը բացառելու համար։
Հայաստանի ժուռնալիստների միությունն իրավապահ մարմիններից պահանջում է քննության ենթարկել տեղի ունեցածը։ Լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտման ցանկացած փորձ քրեորեն պատժելի արարք է և պետք է արժանանա համապատասխան գնահատականի:
Միևնույն ժամանակ՝ պահանջում ենք իշխանության ներկայացուցիչներից՝ զսպել իրենց հետ փոխկապակցված անձանց՝ նրանց չօգտագործելով անցանկալի լրագրողների հետ հաշվեհարդար տեսնելու զազրելի գործում» ,- ասված է հայտարարության մեջ։