Արարատ Միրզոյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ. Մոսկվայի այցը չեղարկվել է
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 13-ին աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին:
ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այցի շրջանակում նախատեսվում են նաեւ երկկողմ հանդիպումներ ՌԴ ԴԺ ԴԽ նախագահ Վալենտինա Մատվիենկոյի եւ կազմակերպության անդամ այլ երկրների խորհրդարանների ղեկավարների հետ:
VERELQ-ը հիշեցնում է, որ նախորդ շաբաթ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի լրատվության բաժինը հայտնեց, որ ապրիլի 13-ին նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հանդիպում կունենա ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Մամուլի համաձայն՝ «պաշտոնական Մոսկվան հրաժարվել է ընդունել Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը, որը, ըստ նախատեսվածի, այսօր՝ ապրիլի 13-ին, պետք է գործուղվեր նախ Մոսկվա, հաջորդ օրն էլ Սանկտ Պետերբուրգում մասնակցեր ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստերի աշխատանքներին»:
Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանը նշել է, որ այցը ոչ թե չեղարկվել է, այլ՝ հետաձգվել․ «Այս պահին ժամկետները ճշտվում են, ամենայն հավանականությամբ՝ մայիսին կլինի»։ Նա նաև ասել է, թե պատճառները քաղաքական չեն, այլ հյուրընկալող կողմի օրակարգով, զբաղվածությամբ են պայմանավորված։
"Մինչդեռ խիստ տարօրինակ է, որ նախապես պլանավորել են հանդիպումը, հետո պարզել, որ գրաֆիկը հագեցած է։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցից հետո ՀՀ իշխանությունների նկատմամբ վերաբերմունք է փոխվել․ հիշեցնենք, որ այցին հաջորդեց գերիների հետ կապված սկանդալը, Մուրադովի «ապտակը» ՀՀ իշխանություններին",- գրում է մամուլը: